Մայիսի 28-29-ին նախատեսված ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ընդառաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր․ «Մայիսի 28-ին ԵԱՏՄ-ում կարող է քննարկվել Հայաստանի անդամակցության հարցը։ Պատկերացրեք՝ Հայաստանին հանկարծ դուրս հրավիրեն կամ սառեցնեն մեր մասնակցությունը․․․»։
Շարունակելով միտքը՝ պատգամավորը նաև հռետորական հարց է հղել․ «Ի՞նչ է տեղի ունենալու Հայաստանի հետ, Հայաստանի տնտեսության հետ, մեր հարյուր հազարավոր քաղաքացիների հետ։ Ո՞ւմ ենք մենք վաճառելու մեր կոնյակը, մեր «Ջերմուկը», մեր մրգերը, մեր տեքստիլ արտադրանքը․․․»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության պատմությունը, ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ անդամակցության հնարավոր սահմանափակման վերաբերյալ հանրային քննարկումները, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջև գործող պայմանագրային դրույթները։
Կարո՞ղ են Հայաստանին «հեռացնել» կամ «սառեցնել» անդամակցությունը
FIP.am-ն ուսումնասիրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հիմնական դրույթները և պարզել, որ պայմանագրով ԵԱՏՄ-ից անդամ պետությանը «հեռացնելու» կամ անդամակցությունը «սառեցնելու» հստակ մեխանիզմ նախատեսված չէ։
ԵԱՏՄ մասին պայմանագրի 118-րդ հոդվածը կարգավորում է անդամ պետության՝ միությունից դուրս գալու ընթացակարգը։
Համաձայն հոդվածի՝ անդամ պետությունը կարող է որոշում կայացնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ այդ մասին գրավոր ծանուցելով մյուս անդամներին։ Դուրս գալու գործընթացը վերջնական ուժի մեջ է մտնում ծանուցումից 12 ամիս անց։
Միաժամանակ, պայմանագրում չկա առանձին դրույթ, որը թույլ կտա մյուս անդամ երկրներին քվեարկությամբ «հեռացնել» որևէ անդամի կամ սառեցնել նրա անդամակցությունը։
ԵԱՏՄ մասին պայմանագրի 13-րդ հոդվածով ամրագրված է, որ «բարձրագույն խորհրդի որոշումներն ու կարգադրություններն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով)»։
Միաժամանակ, նույն հոդվածով սահմանվում է, որ անդամակցության դադարեցման վերաբերյալ որոշումների դեպքում գործում է հետևյալ դրույթը․
«Բարձրագույն խորհրդի՝ միությունում անդամ պետության անդամակցության դադարեցման հետ կապված որոշումներն ընդունվում են հետևյալ սկզբունքով` «ընդհանուր համաձայնություն (կոնսենսուս)՝ հանած այն անդամ պետության ձայնը, որը ծանուցել է Միությունում իր անդամակցությունը դադարեցնելու մտադրության մասին»»։
Այսինքն՝ պայմանագիրը կարգավորում է միայն այն դեպքը, երբ անդամ պետությունն ինքն է հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին։ Միաժամանակ, փաստաթղթում չկա առանձին դրույթ, որը մյուս անդամ երկրներին իրավունք կտա միակողմանիորեն «հեռացնել» որևէ անդամի կամ սառեցնել նրա անդամակցությունը։
Հեռացման մեխանիզմ չկա, իսկ ճնշման ռիսկե՞ր
Թեև ԵԱՏՄ պայմանագրում անդամ պետությանը միությունից «հեռացնելու» կամ անդամակցությունը «սառեցնելու» հստակ մեխանիզմ նախատեսված չէ, վերջին ամիսներին ռուս պաշտոնյաները պարբերաբար ակնարկում են Հայաստանի անդամակցության դադարեցման դեպքում հնարավոր տնտեսական և քաղաքական հետևանքների մասին։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը 2026 թվականի մայիսի 19-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև և հավելել՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցության տնտեսական առավելությունները։
«Հայերը մեզ համար հարազատ ժողովուրդ են, և մեզ համար միևնույն չէ, թե ինչպես են նրանք ապրում, և ինչ վիճակում կլինի Հայաստանի տնտեսությունը։ Ընդհակառակը, մենք ամեն կերպ նպաստում ենք, որպեսզի այնտեղ տնտեսությունը ծաղկի․․․ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների խմբին, ապա ինչո՞ւ պետք է մենք աջակցենք»,- ասել է նա։
Օվերչուկը նաև հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը քննարկվելու է մայիսի 29-ին Աստանայում նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
«Կլինի քննարկում Հայաստանի կարգավիճակի թեմայով։ Հարցը շատ բարդ է․․․ Մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան Եվրամիությանը միանալու կամ նրա հետ մերձենալու դեպքում։ Սկզբունքորեն, դրանք արդեն ի հայտ են գալիս»,- ասել է նա։
Մայիսի 25-ին էլ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։
Պեսկովի այս հայտարարությանը նախորդեցին Հայաստանից ՌԴ արտահանվող մի շարք ապրանքատեսակների նկատմամբ սահմանափակումները։
ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին մայիսի 19-ին անդրադարձել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ կապված մայիսի սկզբին Հայաստանում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովից հետո Ռուսաստանից հնչող հայտարարությունների, մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինի «կողմնորոշվելու» մասին հորդորի ու «քաղաքակիրթ ապահարզանի» մասին ակնարկների հետ։
«Մենք չենք պատրաստվում «ապահարզան» տալ որևէ գործընկերոջ կամ «ապահարզան» ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում։ Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ թելերով, և տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում զարգացնելու այդ փոխշահավետ հարաբերությունները»,- հայտարարել էր Միրզոյանը։
ԵԱՏՄ-ին անդամակցության մասով վերջինս շեշտել էր․
«Մենք շատ լավ հասկանում ենք, և Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը և Եվրոպական Միությանն անդամակցությունն անհամատեղելի են․ հնարավոր չէ մնալ Եվրասիական տնտեսական միության մեջ և դառնալ Եվրոպական միության անդամ»։
Թեմային մայիսի 22-ին կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ԵԱՏՄ կարգավորումներով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։
«ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը։ ԵԱՏՄ-ի անդամը միայն կարող է որոշել դուրս գալ, այլ գործընթաց չկա։ Ցանկացած հարց կարող ենք քննարկել, և ենթադրում եմ՝ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, և մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք»,- ասել էր վարչապետը։
Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ պայմանագրում անդամ պետությանը միությունից «հեռացնելու» կամ անդամակցությունը «սառեցնելու» հստակ իրավական մեխանիզմ նախատեսված չէ։ Պայմանագրի 118-րդ հոդվածը կարգավորում է միայն անդամ երկրի՝ միությունից ինքնակամ դուրս գալու ընթացակարգը։
Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին ռուս պաշտոնյաների հայտարարությունները և որոշ ապրանքատեսակների՝ Ռուսաստան արտահանման սահմանափակումները խոսում են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում հնարավոր տնտեսական ու քաղաքական հետևանքների մասին։
Հ․Գ․Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն օժտված է միջազգային իրավասուբյեկտությամբ և գործում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի հիման վրա։ Պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում։
ԵԱՏՄ-ն ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա։ Մաքսային միությունը գործարկվել է 2010 թվականի հունվարին, իսկ 2011 թվականի դեկտեմբերին որոշում է կայացվել Միասնական տնտեսական տարածքը ձևավորող պայմանագրերի ուժի մեջ մտնելու վերաբերյալ։ Դրանց կիրառումը սկսվել է 2012 թվականի հունվարի 1-ից՝ ԵԱՏՄ ստեղծման նախապատրաստական գործընթացի շրջանակում։
2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի նախագահները ստորագրել են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ին։ Ավելի ուշ՝ 2015 թվականի օգոստոսին, ԵԱՏՄ-ին միացել է նաև Ղրղզստանը։
Գայանե Մարկոսյան
Գլխավոր լուսանկարը գեներացված է ԱԲ-ի միջոցով
The post Կարո՞ղ են Հայաստանին «հեռացնել» ԵԱՏՄ-ից․ ի՞նչ է նախատեսում պայմանագիրը appeared first on FIP.AM.