Որոշմամբ նախատեսվում է 100 տարին լրացած բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին վճարել միանվագ 1 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի կառավարությունն այսօր կայացած նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատեց «ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն և 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Որոշմամբ նախատեսվում է 100 տարին լրացած բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին վճարել միանվագ 1 մլն դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող իրավակարգավորումների շրջանակում 100 տարեկանը լրանալու դեպքում պետական մակարդակով որևէ գնահատանք կենսաթոշակառուներին կամ նպաստառուներին չի ցուցաբերվում։
Մինչդեռ, Երևանի ավագանու որոշմամբ, մայրաքաղաքում հաշվառված բոլոր 100-ամյա տարեցներին արդեն իսկ տրամադրվել է 1 մլն դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց վաստակի և հանրության մեջ թողած արժեքավոր ներդրման համար:
Այս տեսակետից, մայրաքաղաքում չհաշվառված, սակայն 100 տարին լրացած քաղաքացիները դուրս էին մնացել նախաձեռնությունից՝ ստեղծելով անհավասարություն և անարդարության զգացողություն:
«Հաշվի առնելով այս անձանց ունեցած վաստակը՝ պետությունը պարտավոր է ցուցաբերել համահավասար վերաբերմունք՝ անկախ բնակության վայրից։ Սա նաև սոցիալական արդարության և արժանապատվության սկզբունքների իրագործում է։ Ըստ այդմ, 100 տարին լրացած ավագ սերնդի հարգարժան քաղաքացիներին հավասար մոտեցում ցուցաբերելու նպատակով մշակվել է ներկայացված նախագիծը», նշված է նախագծում։
Ըստ նախագծի՝ միանվագ գումար չի տրվելու այն անձանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են կամ հետագայում ստանալու են 1 մլն դրամ աջակցությունը:
21.01.2026 թ. դրությամբ Հայաստանում 100 տարին լրացած 71 քաղաքացի հանդիսանում է կենսաթոշակառու, որոնցից 29-ն ապրում է Երևանում, իսկ 42-ը՝ մարզերում:
2026 թվականի համար ծրագրի իրականացման ծախսը կկազմի 42 մլն դրամ: Գումարը կհատկացվի սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ծախսերի հաշվին, ուստի պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ ներգրավելու կարիք չկա: