Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել համակարգել գործողությունները աշխարհում տիրող անկայուն իրավիճակի ֆո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում մոտեցումների միասնականությունը պահպանելու և գործողությունների համակարգումն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նշված է կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին ուղղված նրա ողջույնի խոսքում։

Երկրի ղեկավարի խոսքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, ուստի ՀԱՊԿ անդամ պետությունների համար կարևոր է հզորացնել կազմակերպության վերլուծական ներուժը և համատեղ ուժերով արձագանքել ի հայտ եկող մարտահրավերներին։

Պուտինն ընդգծել է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների ժամանակին արդիականացման անհրաժեշտությունը, հատկապես ռազմական համագործակցության, տեղեկատվական ու կենսաբանական անվտանգության, ինչպես նաև ահաբեկչության, ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում։

Բացի այդ, ՌԴ նախագահը կոչ է արել շարունակել ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացումը, կատարելագործել ՀԱՊԿ Հավաքական ուժերի կառավարումը, ինչպես նաև ընդլայնել անդամ երկրների միջև արդյունաբերական ու գիտատեխնիկական համագործակցությունը։

Նա հիշեցրել է, որ 2026 թվականին Ռուսաստանը կազմակերպությունում նախագահում է «Հավաքական անվտանգությունը բազմաբևեռ աշխարհում. միասնական նպատակ, ընդհանուր պատասխանատվություն» կարգախոսով։

Leave a comment