Ռուսաստանը հունիսի 1-ին գործարկում է ԵԱՏՄ-ից բեռների СПОТ համակարգը. ի՞նչ պետք է իմանան հայ արտահանողները

Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система подтверждения ожидания товаров


ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система подтверждения ожидания товаров (СПОТ), հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։

«Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր կարգը կարևոր է նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ, առանց ռուսաստանյան գործընկերոջ կողմից ձևավորված համապատասխան փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի, բեռի մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել», – նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ արտահանողները պետք է ապահովեն, որ մինչև բեռի ուղարկումը՝


• ռուսաստանյան ներմուծողը կամ գործակալը (էլեկտրոնային առևտրի հարթակը) ձևավորած լինի մատակարարման ակնկալման հաստատման փաստաթուղթը՝ Документ о предстоящей поставке товаров (ДОПП),


• ДОПП-ը ներկայացված լինի ռուսաստանյան ներմուծողի կամ գործակալի (էլեկտրոնային առևտրի հարթակի) կողմից՝ ոչ ուշ, քան սահմանի հատումից 48 ժամ առաջ, եթե վճարվում է ներմուծման ԱԱՀ-ի ապահովման վճար, կամ ոչ ուշ, քան սահմանի հատումից 4 ժամ առաջ, եթե նման վճար չի իրականացվում,


• ռուսաստանյան կողմը փոխանցած լինի համապատասխան QR-կոդը,


• փոխադրողը QR-կոդն ունենա մինչև ՌԴ սահմանին մոտենալը,


• բեռը ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալները համապատասխանեն ДОПП-ում նշված տվյալներին։

Ռուսաստանյան գործընկերոջը պետք է ժամանակին տրամադրել ապրանքի անվանումը, քանակը և արժեքը, ԱՏԳ ԱԱ /ТН ВЭД/ ծածկագիրը, հաշիվ-ապրանքագրի, պայմանագրի և այլ ուղեկցող փաստաթղթերի տվյալները, փոխադրողի և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը, ՌԴ տարածք մուտք գործելու նախատեսվող ամսաթիվը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է արտահանողներին նախապես քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների և փոխադրողների հետ՝ բեռների ուշացումներից, լրացուցիչ ծախսերից և մուտքի հնարավոր սահմանափակումներից խուսափելու նպատակով։

Leave a comment