Քաղաքականություն
26.05.2026 | 14:00
Երեկ արձակուրդում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր արդեն արձակուրդում չէ։ Պատճառը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած այցն ու նախատեսված հանդիպումն է։ Այս մասին Factor.am–ը տեղեկանում է վարչապետի որոշումներից։
Արարատ Միրզոյանին տրամադրվել է ընդհանուր 16 աշխատանքային օր արձակուրդ։ Դրանցից 14 օրը վերաբերում է 2024-2025 թվականների աշխատանքային տարվա չօգտագործված արձակուրդին, իսկ 2 օրը՝ 2025-2026 թվականների աշխատանքային տարվա արձակուրդին։
Որոշման համաձայն՝ արձակուրդը սահմանվել է 2026 թվականի մայիսի 8-ին, մայիսի 12-18-ը, մայիսի 20-25-ը և մայիսի 29-ից մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Հավելենք, որ հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններով պայմանավորված գործող իշխանության անդամների մի մասը քարոզարշավին մասնակցելու համար որոշ օրեր արձակուրդում է լինում։
Հիշեցնենք, որ Ռուբիոն և Միրզոյանը փոխըմբռնման հուշագրի են ստորագրելու։ ԱՄՆ պետքարտուղարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կդիմավորի Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Մինչ այդ, ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ նախարարների հանդիպումից հետո նախատեսված են մամուլի համար հայտարարություններ և երկկողմ փաստաթղթերի ստորագրում։
Արարատ Միրզոյանի արձակուրդի օրերին նրան փոխարինում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Անի Թամրազյան