«Ֆեյքերի» ֆաբրիկայից դեպի քաղաքական դաշտ․ «Մեր Ձևով»-ի թվային թատրոնը

«Ֆեյքերի» ֆաբրիկայից դեպի քաղաքական դաշտ․ «Մեր Ձևով»-ի թվային թատրոնը

«Մեր Ձևով» շարժման քաղաքական դեբյուտը առաջին իսկ օրերից աչքի է ընկնում ոչ թե գաղափարներով, ոչ թե մարդկանցով, այլ… թվերով։ Բայց ոչ իրական թվերով։ Խոսքը հազարավոր «ֆեյք» օգտատերերի մասին է, որոնք կազմակերպված, համարակալված և կասկածելի սինքրոնությամբ ակտիվանում են հենց այն պահին, երբ Սամվել Կարապետյանի մտերիմներն են հրապարակումներ անում կամ հրապարակային ելույթներ ունենում։

Սցենարը գրեթե միշտ նույնն է․ հրապարակվում է հերթական գրառումը, և մի քանի րոպեի ընթացքում մեկնաբանությունների բաժինը լցվում է չափազանց դրական, միանման լեզվով գրված «աջակցություններով»։ Օգտատերեր, որոնք չունեն իրական ակտիվություն, հաճախ չունեն իրական լուսանկարներ, իսկ երբեմն նաև համարակալված են լինում։ Սա արդեն ոչ թե պատահականություն է, այլ հստակ մեխանիզմ։

Այս մեխանիզմի նպատակը պարզ է՝ անփորձ, քաղաքական գործընթացներին խորապես անծանոթ քաղաքացիների մոտ ստեղծել տպավորություն, թե իբր «Մեր Ձևով»-ը հասարակական լայն աջակցություն ունի, թե իբր Սամվել Կարապետյանը կանգնած է բազմահազարանոց համակիրների բանակի առաջ։ Իրականում, սակայն, այդ «բանակի» զգալի մասը գոյություն ունի միայն ֆեյսբուքի և այլ հարթակների սերվերներում։

Սա նորություն չէ համաշխարհային քաղաքականության մեջ։ Երբ քաղաքական ուժը չի կարողանում ձևավորել իրական հանրային վստահություն, նա սկսում է մոդելավորել այն։ Երբ չի կարողանում խոսել մարդկանց հետ, խոսում է ալգորիթմների միջոցով։ Իսկ երբ քաղաքականությունը սկսում է կառուցվել ֆեյքերի վրա, իրական քաղաքացին դուրս է մղվում գործընթացից։

Ավելի մտահոգիչն այն է, որ «Մեր Ձևով»-ը, փաստացի, քաղաքականություն է մտնում ոչ թե թափանցիկությամբ, այլ մանիպուլյացիայով։ Կեղծ խոսոտւմներով և այդ խոստումներին «ուռա» ասող ֆեյքերով։ Ոչ թե գաղափարական մրցակցությամբ, այլ թվային աղմուկով։ Սա արդեն միայն էթիկայի հարց չէ, սա վտանգավոր քաղաքականությունը։ Որովհետև այսօր ֆեյքերով են լցնում մեկնաբանությունները, վաղը նույն մեթոդներով կարող են ձևավորել կեղծ օրակարգ, կեղծ թշնամիներ և կեղծ «հանրային պահանջ»։

Հասարակությունը պետք է շատ պարզ հարց տա՝ եթե շարժումն իսկապես ունի իրական աջակցություն, ինչո՞ւ է պետք այդ աջակցությունը ապացուցել ֆեյք օգտատերերով։ Իսկ եթե աջակցությունը իրական չէ, ապա ո՞ւմ անունից է «Մեր Ձևով»-ը խոսում քաղաքական դաշտում։

Քաղաքականությունը պետք է կառուցվի իրական մարդկանցով, ոչ թե ֆեյքերի ֆաբրիկաներով։ Ով քաղաքական դաշտ է մտնում խաբեությամբ, նա նույն խաբեությամբ էլ կփորձի կառավարել։ Այսօր ֆեյք մեկնաբանություններ են, վաղը՝ ֆեյք օրակարգ, ֆեյք աջակցություն ու ֆեյք լեգիտիմություն։ Իսկ կեղծիքի վրա կառուցված ցանկացած քաղաքական նախագիծ դատապարտված է փլուզման՝ իր հետ տանելով նրանց, ովքեր մի պահ հավատացել են այդ թվային թատրոնին։ Հասարակությունը պետք է սա հստակ տեսնի հիմա, որ հետո ծանր գին չվճարի։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Leave a comment