Աշխարհում իրավիճակը սրվել է, իսկ նոր անկայունության օջախներ են հայտնվել ԱՊՀ սահմանների մոտ․ Պուտին

Աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակում է լրջորեն սրվել, իսկ անկայունության նոր կենտրոններ են ձևավորվում նաև ԱՊՀ երկրների սահմաններին մոտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուղերձ հղելով ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստի մասնակիցներին։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ ներկայում աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացել է, իսկ Մերձավոր Արևելքում խոր ճգնաժամ է ձևավորվել։ Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում անհրաժեշտ է ամբողջությամբ օգտագործել անվտանգության կառույցների վերլուծական, օպերատիվ, տեխնիկական և կադրային ներուժը՝ Համագործակցության երկրները ներքին ու արտաքին սպառնալիքներից պաշտպանելու նպատակով։ Պուտինը նաև ընդգծել է տեղեկատվության պարբերական փոխանակման և ընդհանուր խնդիրների շուրջ միասնական մոտեցումների մշակման կարևորությունը։

Ուղերձում նշվում է, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել մասնագիտական մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ ահաբեկչության, ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված հանցավորության և կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերը, ինչպես նաև անվտանգության համակարգին սպառնացող այլ մարտահրավերներ։

Եզրափակելով իր խոսքը՝ ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ նիստի արդյունքները կնպաստեն մասնակից երկրների և ժողովուրդների անվտանգ ու կայուն զարգացման ապահովմանը, և հաջող աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին։

Leave a comment