Մայիսի 22-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդու հովանավորչությամբ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը նյութապես շահագրգռել է համագյուղացիներին՝ մասնակցել ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Պարզվել է, որ 36-ամյա գեղակերտցին հինգ համագյուղացու տվել է 15 հազարական դրամ։ Նույն օրը վեցն էլ հրավիրվել են Մարզային վարչություն, որտեղ իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հաստատել են օպերատիվ տեղեկության իսկությունը։
Հետագա գործողություններով քրեական ոստիկանները պարզել են, որ 36-ամյա գեղակերտցին, նույն անձի հովանավորչությամբ և նույն նպատակով, շահագրգռել է նաև այլ համագյուղացիների։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 23-ին կատարվել են խուզարկություններ։ Գեղակերտի 32-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է առանց փաստաթղթերի որսորդական հրացան, իսկ 34-ամյա մի գեղակերտցու տանը՝ կանեփանման զանգված։
Ծաղկալանջի բնակիչ 37-ամյա և Գեղակերտի բնակիչ 36-ամյա տղամարդիկ ձերբակալվել և ներկայացվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորման միջնորդությամբ։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դիտումների քանակ108