Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները տեղի կունենան փետրվարի 6-ի առավոտյան Մասկատում. Արաղչի


 

1lurer. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ փետրվարի 6-ի առավոտյան Մասկատում տեղի կունենան ԱՄՆ-ի հետ բանակցություններ: Արաղչին շնորհակալություն է հայտնել Օմանին հանդիպումը հյուրընկալելու համար:


 


Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե հանդիպման ձևաչափի հարցում անհամաձայնությունների պատճառով բանակցությունները չեն կայանա։


 


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ որպեսզի բանակցություններն արդյունավետ լինեն, դրանք միջուկային հարցերից բացի պետք է ներառեն նաև Իրանի բալիստիկ հրթիռներին, Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներին Թեհրանի աջակցությանը և սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքին առնչվող հարցեր։


 


Իրանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատրաստ է քննարկել միայն իր միջուկային ծրագիրը, իսկ բալիստիկ հրթիռների ծրագրի ներառումը բանակցություններում համարում է կարմիր գիծ:


 


Ակնկալվում է, որ Իրանական կողմից բանակցություններին կմասնակցի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները:


 


 


 


 


Leave a comment