Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ընդունումը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Դիմումների ներկայացման կարգը և վերջնաժամկետը Նախարարության փոխանցմամբ՝ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը, ժամը՝ 14։00-ն։ Սահմանված ժամկետից հետո գործընթացը դադարեցվելու է, և որևէ դիմում այլևս հաշվառման չի առնվելու:
Գործընթացն իրականացվում է երկու տարբերակով.
-
Թղթային եղանակով՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով։
-
Էլեկտրոնային եղանակով՝ համապատասխան հարթակի միջոցով։
Պարտադիր պահանջներ դիմումատուների համար ՆԳՆ-ն հիշեցնում է ընթացակարգային այն կանոնները, որոնց չպահպանման դեպքում դիմումները կարող են մերժվել.
-
Էլեկտրոնային եղանակով ուղարկվող բոլոր դիմումները պարտադիր պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
-
Եթե դիմումը ներկայացվում է այլ անձի անունից, դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական կարգով վավերացված լիազորագիր։
Նախարարությունից հատուկ ընդգծում են, որ սահմանված ժամկետից հետո դիմումների ընդունումը դադարեցվելու է բոլոր ձևաչափերով, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգով։