«Սա գերեզմանային խաղաղություն է»․ քաղաքագետը՝ Հայաստանի համար վտանգավոր ճանապարհի մասին

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում վերջին օրերին ակտիվ քննարկվում է Ախալքալաք-Կարս երկաթուղու թեման։

Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը հայտարարել է, որ այս քայլը կարող է նպաստել ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլ նաև տարածաշրջանային՝ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան համագործակցության զարգացմանը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, արդեն բաց է Հայաստանից արտահանման և հակառակ ուղղությամբ ներմուծումների համար։ Փաշինյանը սա որակել է որպես մեծ իրադարձություն Հայաստանի տնտեսական կյանքում՝ նշելով, որ Հայաստանը փաստացի երկաթուղային կապ է ստանում նաև դեպի Եվրոպական Միություն։ Սակայն քաղաքական ու տնտեսական շրջանակներում այս հայտարարությունները միանշանակ չեն ընդունվում։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը MediaHub-ի հետ զրույցում զգուշացնում է՝ տնտեսական ու ռազմավարական ռիսկերը շատ ավելի խորն են, քան ներկայացվում են հանրությանը։ Անդրադառնալով հարցին՝ արդյոք Ախալքալաք-Կարս երկաթուղին փաստացի արդեն բաց է հայկական բեռների համար, թե դեռ խոսքը քաղաքական հայտարարությունների մակարդակում է, Դանիելյանը նշեց, որ խնդիրը միայն ճանապարհի բաց կամ փակ լինելը չէ։

«Խնդիրը այն չէ, որ ապրանքները Վրաստանով են գալիս-գնում։ Խնդիրն այն է, որ այդ երկաթուղին ունի լուրջ խնդիրներ՝ կապված երկաթագծերի չափսերի հետ, ու պետք է ամեն անգամ Թուրքիա մտնելուց փոխել, իսկ դա շատ թանկ է ու երկար ժամանակ է պահանջում։ Այդ երկաթագիծը մինչև հիմա իրեն չի արդարացրել»,- ասաց քաղաքագետը։

Դանիելյանի խոսքով՝ առավել կարևոր հարցն այն է, թե Հայաստանը կոնկրետ ինչ ապրանք կարող է արտահանել այդ ուղղությամբ։ «Մեր արտահանման հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է, առաջին հերթին Ռուսաստանը։ Մեր գյուղատնտեսական մթերքների մոտ 98%-ը գնում է հենց այդ շուկա։ Այդ նույն ապրանքները ոչ Եվրոպայում են պահանջված, ոչ էլ Թուրքիայում։ Իսկ եթե սահմանը բացվի, հակառակ ազդեցություն է լինելու, թուրքական գյուղմթերքը ավելի էժան ու մեծ ծավալներով կմտնի Հայաստան։ Մենք ոչ միայն արտահանման խնդիր կունենանք, այլ նաև ներքին շուկայում կպարտվենք»,- ասաց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ դա կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի գյուղատնտեսության համար։ «Արդյունքում՝ մեր գյուղատնտեսությունը կարող է պարզապես մահանալ, իսկ գյուղերը կսկսեն ավելի արագ դատարկվել։ Սա Հայաստանի համար ռազմավարական և ճակատագրական նշանակության հարց է»,- ասաց քաղաքագետը։

Դանիելյանը նաև մտահոգիչ է համարում էներգետիկ հնարավոր զարգացումները։ «Հաջորդ կարևոր հարցը էներգակիրներն են։ Եթե գազի և մյուս էներգակիրների գները երեք անգամ բարձրանան, դա Հայաստանի համար կարող է իսկական կատաստրոֆա դառնալ»,- նշեց նա։

Հարցին, թե ընտրություններից առաջ նման հայտարարությունները որքանո՞վ կարող են ներքաղաքական հաշվարկի մաս լինել, Դանիելյանը պատասխանեց, որ իշխանությունը փորձում է մեղմել հասարակական դժգոհությունները։ «Գործող վարչապետը նման հայտարարություն արեց, որովհետև հանրության մեծ մասը չի հասկանում, թե իրականում ինչ է նշանակում այդ երկաթուղին և ինչ հնարավորություններ կամ վտանգներ կան դրա մեջ։ Բայց քանի որ Ռուսաստանից արդեն զգուշացումներ կան, որ ԵԱՏՄ շուկան կարող է փակվել Հայաստանի համար, էներգակիրներն էլ թանկանան, իսկ ընտրությունները մոտ են, նման պոպուլիստական հայտարարություններով փորձում են ինչ-որ ձևով մեղմել հանրային տրամադրությունները»,- ասաց քաղաքագետը։

Վերջին օրերին ռուսական վերահսկող մարմինների քայլերը ևս ակտիվ քննարկման թեմա են դարձել։ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին, իսկ այսօր հայտնի դարձավ, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հրահանգել է վաճառքից հանել հայկական որոշ գինիներ ու կոնյակներ։ Դանիելյանի կարծիքով՝ սա կարող է դիտվել որպես ազդակ, որ Հայաստանը կարող է աստիճանաբար դուրս մղվել ԵԱՏՄ շուկայից։

«Իշխանությունները փորձում են ներկայացնել, որ եթե այդ շուկան փակվի, այլընտրանքը Թուրքիան ու Ադրբեջանն են։ Բայց խնդիրը ճանապարհը չէ, խնդիրը շուկան է։ Մեր ապրանքները այդ շուկաներում պահանջարկ չունեն»,- ընդգծեց քաղաքագետը։

Անդրադառնալով այդ ռիսկերին, որոնք կարող են առաջանալ, եթե Հայաստանի հիմնական տարանցիկ ուղիներն անցնեն Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, Դանիելյանը բավականին կոշտ գնահատական տվեց։

«Հայաստանը, բնականաբար, կարող է հայտնվել Թուրքիայից և Ադրբեջանից կախվածության մեջ։ Դա անհրաժեշտ է նրանց ռազմավարական ծրագրերի համար, որպեսզի Հայաստանը որպես պետություն թուլանա կամ վերանա։ Բացի դրանից՝ Արևմուտքի որոշ երկրներ, առաջին հերթին Մեծ Բրիտանիան, փորձում են թուրքական աշխարհով մուտք գործել Կենտրոնական Ասիա, իսկ այդ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայում Հայաստանին առանձնապես դեր չի վերապահվում»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ պետությունները, որոնք կորցնում են իրենց աշխարհաքաղաքական նշանակությունը, հաճախ կանգնում են գոյաբանական մարտահրավերների առաջ։ «Մենք հիմա այդպիսի փուլի մեջ ենք։ Եվ ցավալին այն է, որ հանուն վերարտադրվելու՝ իշխանությունը պատրաստ է զոհաբերել ամբողջ Հայաստանը, ինչպես ավելի վաղ զոհաբերեց Արցախը»,- ասաց Դանիելյանը։

Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը խոսում է տարածաշրջանային խաղաղության և տնտեսական համագործակցության մասին։ Սակայն Դանիելյանը համոզված չէ, որ տնտեսական ինտեգրացիան ինքնաբերաբար կարող է բերել կայունության։ «Իհարկե, տնտեսական համագործակցությունը կարող է բերել խաղաղության, բայց հարցն այն է, թե ինչ խաղաղության մասին է խոսքը։ Դա կարող է լինել գերեզմանային խաղաղություն»,- եզրափակեց խոսքը քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Ալիտա Եղիազարյան

Leave a comment