Սևանում մահացած հղի կնոջ ամուսինը կալանավորվել է

Բաժանորդագրվել

Հայկ Ղուկասյանը հաշվառված է եղել ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ ընտանեկան բռնություն կատարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Սևանում 22-ամյա հղի Մարիաննա Բ-ի մահվան դեպքի մեջ կասկածվող ամուսինը՝ Հայկ Ղուկասյանը, կալանավորվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածում կնոջ դի է հայտնաբերվել։ Վարորդը իրավապահներին պատմել էր, որ Ճամբարակից վերադառնալիս վիճել են հղի կնոջ հետ, և նա նետվել է ավտոմեքենայից։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ հղի կնոջ 21-ամյա ամուսինը ձերբակալվել է։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով։ 1 անձ կալանավորվել է»,–հայտնեցին քննչական կոմիտեից։

Նշենք, որ մահացածի քույրը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Հայկն իր կնոջը պահել է փակի տակ ու օրերով տուն չի գնացել։ Դեպքի օրը հղի կինը խնդրել է, որ ամուսինը կանգնեցնի մեքենան։ Երբ մեքենան կանգնել է, աղջիկը իջել է, սակայն ամուսինը վազել է կնոջ հետևից ու մազերից քարշ տալով՝ հետ տարել։

«Ենթարկել է դաժան ծեծի, որից հետո հրել է մեքենայից…Քիմք-ծնոտային կոտրվածք, վիզ-ողնաշարի վնասվածք, դեմքի կապտուկներ։ Մազերն ամբողջությամբ պոկված էին»,–գրել է մահացածի քույրը։

Հաստատվել է տեղեկությունը, որ Հայկ Ղուկասյանը հաշվառված է եղել ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ ընտանեկան բռնություն կատարելու համար։

Նա պատճառաբանել է, թե երբ իր հղի կինը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, ինքը մազերից բռնել է, սակայն չի կարողացել պահել նրան։

Նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment