ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Սուրբ Հարության տոնից 50 օր անց՝ մայիսի 24-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Հոգեգալստյան տոնը:
Մայիսի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ:
Տոնին ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տեր Արարատ քահանա Օրդոյանն էր:
Հոգեգալստյան տոնին հիշատակվում է Սուրբ Հոգու հրաշափառ էջքը առաքյալների վրա:
Ըստ Սուրբ Գրքի՝ Քրիստոսի հրաշափառ Հարությունից հիսուն օր անց առաքյալները Երուսաղեմում՝ Վերնատանը, աղոթում էին, երբ երկնքից լսվեց ձայնը: Կատարվեց աստվածային խոստումը՝ Սուրբ Հոգին, որպես Մխիթարիչ, հայտնվեց աշակերտներին:
«Եվ հանկարծ երկնքից սաստիկ հողմի նման մի ձայն հնչեց ու լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին» (Գործք Առաքելոց 2:2-3):
Առաքյալները սկսեցին խոսել տարբեր լեզուներով և տարածեցին լույսը: Սուրբ Հոգու իջմամբ Եկեղեցին սկսեց իր առաքելությունն աշխարհում, քրիստոնեությունը հասկանալի դարձավ մարդկությանը:
–00—ՅՄ