AI և քաղաքական մանիպուլյացիա․ նախընտրական քարոզչությունը Facebook-ում

Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության մեջ նոր գործիք է հայտնվել՝ արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաներով ստեղծված քաղաքական բովանդակություն։ Ընդհանրապես, AI գործիքները այս ընտրություններում նորամուծություն են։ 

Facebook-ում տարածվող AI տեսանյութերը ծաղրում ու վարկաբեկում են քաղաքական դերակատարներին և ստեղծում իրականության ու վստահության պատրանք։ 

Այդպես վարվում են թե՛ քաղաքական ուժերի պաշտոնական էջերի (1, 2), թե՛ նրանց հետ փոխկապակցված հարթակների միջոցով։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Facebook սոցիալական հարթակում տարբեր քաղաքական դերակատարների հետ փոխկապակցված էջերը՝ պարզելու, թե ինչ բովանդակություն է ստեղծվում AI-ի միջոցով, և ինչ թեզեր են տարածվում այս սոցհարթակներում։

Եթե քաղաքական ուժերի պաշտոնական հարթակներում հիմնական բովանդակությունը կենտրոնացած է տվյալ քաղաքական ուժի ծրագրերի ու գործունեության ներկայացման վրա, ապա ոչ պաշտոնական էջերում նկատվում է միանգամայն հակառակ պատկերը․ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում հիմնական շեշտադրումը կատարվում է հակառակ կողմին ծաղրելու, վարկաբեկելու և նրա թույլ կողմերը ցույց տալու վրա։

ԱԲ-ն ու ընդդիմությունը 

Ընդդիմադիր դաշտում շրջանառվող հիմնական թեզերը այդ ուժերը փորձում են ցույց տալ AI տեսանյութերի միջոցով՝ հաճախ սարսափեցնող դրվագներով։ Այս դեպքում AI-ով ստեղծված բովանդակությունը հիմնականում կառուցված է վախի, սպառնալիքի և սարսափեցնող սցենարների վրա։ 

Օրինակ՝ այս օրերին ամենաակտիվ շրջանառվող թեզը 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին է, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո Հայաստանը կկորցնի իր պետականությունը, մարդիկ կլքեն իրենց տները, իսկ նրանց փոխարեն կգան ադրբեջանցիները   (1, 2, 3, 4

Կարդացեք նաև՝ Ադրբեջանական թեզը՝ Հայաստանի ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանը Ադրբեջանի մարզ դարձնելու մասին տեսանյութը

AI-ով այս տեսանյութերը հաճախ ուղեկցվում են էմոցիոնալ պատկերներով, ծանր երաժշտությամբ և պատերազմի կամ տեղահանության տեսարաններով՝ օգտատերերի մոտ վախ և անհանգստություն առաջացնելու նպատակով։

Այս բովանդակությունն ակտիվ տարածող էջերից է «Առօրյա Լուրեր»-ը, որն ունի ավելի քան 80 հազար հետևորդ։ Էջի հրապարակումների զգալի մասը AI-ով ստեղծված քաղաքական հոլովակներ են, որոնց գլխավոր, բայց բացասական հերոսը Նիկոլ Փաշինյանն է։ Տեսանյութերը կոշտ քննադատություն են գործող իշխանությունների հասցեին, իսկ դրան զուգահեռ  «Ուժեղ Հայաստանը» ներկայացվում է որպես միակ փրկող ուժ։ 

Արտապատկերումը՝ ֆեյսբուքյան էջից:

Ընդդիմադիր դաշտում գործում են նաև այսպես կոչված «բացատրական» էջեր՝ «Հայը», «Բեկ», «Բանանիցա» և այլն։ Այս էջերը լայն տարածում ունեն սոցհարթակներում և հավաքում են հարյուր հազարավոր դիտումներ։

Այս էջերով տարածվող թեզերի թվում կան պնդումներ, թե Նիկոլ Փաշինյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, կամ որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքականությունը «Սորոսի ծրագիր» է։

ԱԲ-ն ու իշխանությունը

Իշխանական դաշտում տարածվող AI բովանդակությունը հիմնականում ուղղված է ընդդիմադիր գործիչներին  բացասական կերպարներով ներկայացնելուն։ Օրինակ, տարածվող տեսանյութերում Ռոբերտ Քոչարյանը հաճախ ներկայացվում է որպես բռնապետության և պատերազմի խորհրդանիշ։ Այդպիսով, փորձում են ներկայացնել, որ նրա իշխանության վերադարձի դեպքում Հայաստանում կհաստատվի բռնապետություն և երկիրը կրկին կհայտնվի պատերազմի մեջ։ Տեսանյութերից մեկում նա երկինք է բաց թողնում աղավնի, որը վերածվում է սատանայի՝ խորհրդանշելով պատերազմի վտանգը նրա հնարավոր վերադարձի դեպքում։  

Նաև գեներացվում են տեսանյութեր, որտեղ Սամվել Կարապետյանը օգնում է Ռոբերտ Քոչարյանին. սա էլ առաջ է մղում այն թեզը, թե իբր Սամվել Կարապետյանը իր ձայները տալու է Ռոբերտ Քոչարյանին։  

AI-ով ստեղծված այլ տեսանյութերում Սամվել Կարապետյանը ներկայացվում է որպես Ռուսաստանի շահերը սպասարկող գործիչ, որը Հայաստանում իրականացնում է Մոսկվայի հանձնարարությունները։ Որոշ հոլովակներում նաև պնդում է արվում, թե նրա ընտրվելու դեպքում «300 հազար հայ զինվոր» կուղարկվի Ռուսաստանի կողմից պատերազմելու։ 

Կան նաև տեսանյութեր, որտեղ Սերժ Սարգսյանը գումար է դնում Արման Թաթոյանի գրպանը՝ դրանով առաջ մղելով և տարածելով այն թեզը, թե Թաթոյանը «Սերժի մարդն է»։

AI-ով ստեղծված բովանդակություն տարածող իշխանամետ ակտիվ էջերից առանձնանում են «Ashoy yan»-ը և «Edgar Mkrtchyan»-ը։ Դրանց հրապարակումների մեծ մասում, ինպես ընդիմադիր տեսանյութերում այնպես այստեղ, քաղաքական  գործիչները  ներկայացվում են ծաղրական ու հումորային ձևաչափով։

Այսպիսով, AI-ով ստեղծված քաղաքական բովանդակությունը Facebook-ում հավաքում է հարյուր հազարավոր դիտումներ և մեծ թվով մեկնաբանություններ, ինչի հետևանքով էլ դրանք մեծ տարածում են ունենում։ 

AI գործիքները քաղաքական գործիչներին հնարավորություն են տալիս բանավոր կամ տեքստային մակարդակում շրջանառվող թեզերը վերածել տեսողական և էմոցիոնալ ազդեցությամբ բովանդակության։

Արդյունքում օգտատերերի համար ավելի դժվար է դառնում տարբերել իրականը մանիպուլյացիայից, իսկ քաղաքական քարոզչությունը ստանում է նոր՝ տեխնոլոգիական և ավելի ազդեցիկ ձևեր։

Կարդացեք նաև՝ «300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը

Սիլվա Գրիգորյան (փորձնակ լրագրող)

The post AI և քաղաքական մանիպուլյացիա․ նախընտրական քարոզչությունը Facebook-ում appeared first on FIP.AM.

Leave a comment