Հայաստանի շուրջ տեղեկատվական պատերազմը․ իրականություն և ռուսական քարոզչության նարատիվները

Հայաստանի շուրջ տեղեկատվական պատերազմը․ իրականություն և ռուսական քարոզչության նարատիվները

Վերջին տարիներին հայաստանյան քաղաքական ու մեդիա դաշտում ամենաշատ շահարկվող թեմաներից մեկը դարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հարցը։ Ռուսական պետական քարոզչամեքենան, ինչպես նաև Հայաստանում գործող մի շարք ռուսամետ շրջանակներ պարբերաբար տարածում են այն թեզը, թե Հայաստանը «հեռանում է Ռուսաստանից», «դավաճանում է դաշնակցին» կամ «Արևմուտքի պատվերով խզում է կապերը Մոսկվայի հետ»։ Սակայն պաշտոնական հայտարարությունները, քաղաքական փաստերը և իրական գործընթացները ցույց են տալիս, որ այս նարատիվը մեծ մասամբ կառուցված է քաղաքական մանիպուլյացիաների և տեղեկատվական ազդեցության տեխնոլոգիաների վրա։

Հայաստանի իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ Երևանը նպատակ չունի խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականին և այս տարի նույնպես մի քանի անգամ ընդգծել է, որ Հայաստանը չի ձգտում փչացնել կամ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ և վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն։

Բացի այդ, նույնիսկ հարաբերությունների լարված ֆոնին շարունակվել են երկկողմ պաշտոնական շփումները։ 2025 թվականի մարտին Մոսկվայում տեղի են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններ, որտեղ ընդգծվել է փոխշահավետ գործակցության շարունակականության կարևորությունը։ Նույն թվականին ստորագրվել է նաև 2025-2026 թվականների գործակցության ծրագիրը երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այս փաստերը դժվար է համատեղել այն քարոզչական թեզի հետ, թե Հայաստանը պատրաստվում է ամբողջությամբ խզել կապերը Ռուսաստանի հետ։ Իրականում Երևանը փորձում է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ զարգացնելով հարաբերությունները Եվրամիության, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իրանի և այլ երկրների հետ՝ միաժամանակ չփակելով համագործակցության դուռը Ռուսաստանի առաջ։

Փոքր և անվտանգային բարդ միջավայրում գտնվող պետության համար սա բնական քաղաքականություն է։Սակայն ռուսական քաղաքական և մեդիա շրջանակների մի մասը ցանկացած ինքնուրույն քայլ ներկայացնում է որպես «հակառուսականություն»։ Սա նոր երևույթ չէ։ Պոստխորհրդային տարածքում Մոսկվան երկար տարիներ իր ազդեցության գոտիներում փորձել է արտաքին քաղաքական ինքնուրույնությունը ներկայացնել որպես «դավաճանություն»։ Հայաստանի պարագայում այդ մոտեցումը հատկապես ակտիվացավ այն բանից հետո, երբ Երևանը սկսեց խորացնել կապերը Եվրոպայի հետ, մասնակցել եվրոպական ծրագրերի և բարձրաձայնել անվտանգության ոլորտում Ռուսաստանի անարդյունավետության մասին։

Այս ֆոնին ռուսական մեդիա դաշտում հաճախ կիրառվում են նաև տնտեսական ճնշման գործիքներ։ Հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումներ, մաքսային խոչընդոտներ կամ տնտեսական լծակների կիրառման մասին տեղեկությունները Հայաստանում ընկալվում են որպես քաղաքական ճնշման մեխանիզմ։ Թեև պաշտոնական Մոսկվան հաճախ դրանք ներկայացնում է որպես «տեխնիկական» կամ «սանիտարական» հարցեր, քաղաքական համատեքստը դժվար է անտեսել։

Տեղեկատվական պայքարի մյուս կարևոր ուղղությունը ներքաղաքական դաշտն է։ Հայաստանում ռուսական շահերը սպասարկող ընդդիմադիր և մեդիա շրջանակները պարբերաբար տարածում են խուճապային կամ ապատեղեկատվական թեզեր։ Դրանցից ամենաակտիվներից մեկը «300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման» թեման է։ Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ պաշտոնապես հերքել են նման ծրագրերի գոյությունը, սակայն այդ թեզը շարունակում է շրջանառվել՝ հիմնականում հասարակության մեջ վախ և անվստահություն ձևավորելու նպատակով։

Այսպիսի քարոզչական մեթոդները կառուցված են պարզ հոգեբանական սկզբունքի վրա․ որքան հաճախ է կրկնվում որևէ սարսափեցնող տեղեկություն, այնքան ավելի հավանական է, որ հասարակության մի մասը այն կընդունի որպես իրականություն՝ նույնիսկ պաշտոնական հերքումների պայմաններում։ Տեղեկատվական պատերազմներում փաստերը հաճախ երկրորդական են դառնում, իսկ առաջնայինը՝ հույզերի կառավարումը։

Հայաստանի շուրջ ընթացող տեղեկատվական պայքարը ցույց է տալիս նաև ավելի լայն աշխարհաքաղաքական իրողություն։ Այսօր Երևանը փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքականությունը՝ պահպանելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ չմնալով միայն մեկ ուժային կենտրոնից կախվածության մեջ։ Սա ինքնիշխան պետության բնական ձգտում է։ Սակայն հենց այդ ինքնուրույնությունն է, որ որոշ շրջանակներում ընկալվում է որպես սպառնալիք։

Ի վերջո, Հայաստանի հասարակության համար կարևոր է տարբերել իրական քաղաքական գործընթացները քարոզչական աղմուկից։ Պաշտոնական հայտարարությունները, շարունակվող դիվանագիտական շփումները և տնտեսական գործակցության առկայությունը վկայում են, որ Հայաստանը չի հայտարարել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մասին։ Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Երևանը փորձում է ավելի ինքնուրույն և բազմաբևեռ քաղաքականություն վարել։ Իսկ դա արդեն ոչ թե «հակառուսականություն» է, այլ պետական ինքնիշխանության դրսևորում։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Leave a comment