Ի՞նչ է նշանակում Թեհրան–Վաշինգտոն բանակցությունների վայրի հանկարծակի փոփոխությունը ․ Շահան Գանտահարյան


Թեհրան–Վաշինգտոն բանակցությունների վայրի հանկարծակի փոփոխություն վերաբերյալ Նոյյան Տապանի հարցերին պատասխանում է վերլուծաբան, Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը


 


 – Ի՞նչ է նշանակում,  ըստ ձեզ, Թեհրան–Վաշինգտոն բանակցությունների վայրի հանկարծակի փոփոխությունը 


 


– Դա ցույց է տալիս, որ գործընթացի ներսում լուրջ տարաձայնություններ կան։ Թուրքիան փորձում էր ստանձնել միջնորդի դեր՝ առաջարկելով Ստամբուլը որպես բանակցությունների վայր և կենտրոնանալ միայն միջուկային հարցի վրա, սակայն այդ մոտեցումը լիովին ընդունելի չեղավ Թեհրանի համար։


 


– Ինչո՞ւ Իրանը դեմ արտահայտվեց թուրքական հարթակին։


 


 – Իրանի ընկալմամբ՝ Անկարան գործում էր ամերիկյան օրակարգին համահունչ։ Թեհրանը պնդեց, որ բանակցությունները պետք է ընթանան չեզոք միջավայրում, ինչի արդյունքում ընտրվեց Օմանը։


 


– Թուրքական առաջարկած փուլային տարբերակը ո՞ւմ շահերից էր բխում։


 


 – Այն հիմնականում բխում էր Իրանի շահերից, քանի որ այդ ձևաչափով դուրս էին մնում հրթիռային ծրագրի և տարածաշրջանային հենակետերին աջակցության հարցերը։ Սակայն իրանական ուրանի հնարավոր տեղափոխումը Թուրքիա ընդունելի չէր հենց Իրանի համար։


 


 – Իսրայելը ինչպե՞ս է վերաբերվում այս գործընթացին։


 


 – Իսրայելը դեմ է Վաշինգտոն–Թեհրան բանակցությունների վերագործարկմանը։ Նրա նպատակը համապարփակ լուծումն է՝ ներառյալ միջուկային, հրթիռային ծրագրերը և տարածաշրջանում իրանական ներկայության ամբողջական վերացումը։ Թուրքիայի առաջարկեծ փուլային մոտեցումը հակասում է այդ դիրքորոշմանը։


 


– Այս զարգացումները կապ ունե՞ն Լիբանանի և Գազայի հետ։


 


 – Այո։ Լիբանանում և Գազայում նույնպես կիրառվում է փուլային մոտեցում։ Թեպետ առաջին փուլերը հայտարարված են, երկրորդ փուլերը բախվում են դժվարությունների։ Այս գործընթացները ուղղակիորեն կապված են Օմանում ընթացող բանակցությունների հետ և դրանց հետևանքները կազդեն թե՛ Լիբանանի, թե՛ Գազայի վրա։


 


 – Ինչո՞ւ վերջապես ընտրվեց Օմանը։


 


– Թեպետ սկզբում քննարկվում էին այլ միջնորդներ, Օմանը արդեն փորձ ուներ այս բանակցությունները հյուրընկալելու հարցում։ Նրա վերադարձը միջնորդական դաշտ նշանակում է սառեցված գործընթացների վերագործարկում։


 


 


Leave a comment