Չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի հնարավոր ձեռքբերման նշաններին, Թեհրանը պատրաստ է բանակցությունների հնարավոր ձախողմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրանական ռազմական աղբյուրի։
«Իրանի զինված ուժերը, հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից ագրեսիվ գործողությունների պատմությունը, միշտ գտնվում են լիակատար մարտական պատրաստության վիճակում՝ անկախ բանակցությունների վիճակից», – նշել է աղբյուրը։
Գործակալության մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Իրանը հստակեցրել է, որ որևէ համաձայնագիր չի կնքվի՝ առանց սկզբնական փուլում իր սառեցված ակտիվների որոշակի մասի ազատման և հետագայում բոլոր սառեցված ակտիվների ազատումը երաշխավորելու հստակ մեխանիզմի։
Tasnim-ի զրուցակիցն ընդգծել է, որ ներկայում ամերիկացիները շարունակում են խոչընդոտել համաձայնագրի առանձին կետերին, այդ թվում՝ Իրանի սառեցված ակտիվների ազատմանը։