Հայաստանում օրթոպեդիայի հիմնադիր, պրոֆեսոր Քրիստափոր Հայրապետի Պետրոսյանի հիշատակին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցել մայիսի 24-ին Երեւանի Այգեձորի փողոց 16 հասցեում, որտեղ ապրել է անվանի բժիշկն ու գիտնականը, իսկ այժմ ապրում են նրա ժառանգները։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Միսակ Մելքոնյանն է:
Դոկտոր Պետրոսյանի շնորհիվ ստեղծվել է Երևանի վնասվածքաբանության և վերականգնողական վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտը, որն այսօր կրում է նրա անունը։
Հանդես գալով հուշատախտակի բացման արարողությանը՝ ականավոր բժիշկի թոռը՝ Քրիստոփոր Պետրոսյանը ներկայացրեց պապիկի ծանր մասնագիտական ուղին այն դժվարին տարիներին, երբ վնասքաբանությունն իր առաջին քայլերն էր կատարում Հայաստանում։
Մեդիամաքս-ի հետ զրույցում դոկտոր Պետրոսյանը, որը որդու՝ Ռաֆայել Պետրոսյանի հետ միասին շարունակում է պապիկի մասնագիտական ճանապարհը, պատմեց, որ պապիկից կարեւոր սովորություն է ժառանգել՝ ցանկացած օպերացիայից առաջ դիմում է Աստծուն հաջողության խնդրանքով եւ խաչակնքվում է։
«Պատկերացրեք՝ Սովետական ռեպրեսիաների ամենածանր տարիներին անգամ պապս շարունակում էր ապավինել Աստծո օգնությանը։ Նույն խորհուրդը ես փոխանցել եմ նաեւ որդուս՝ Ռաֆայելին, ով եւս վնասքաբան է՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Հույս ունեմ, որ Ռաֆայելի որդիներից առնվազն մեկը եւս բժիշկ-վնասքաբան կդառնա եւ այդպիսով կշարունակի մեր բժշկական դինաստիան»,- ասաց Քրիստոփոր Պետրոսյանը։
Հայաստանում oրթոպեդիայի, վնասվածքաբանության եւ պրոթեզավորման հիմնադիր, դոկտոր, պրոֆեսոր Քրիստափոր Հայրապետի Պետրոսյանը ծնվել է 1889թ․ հունվարի 20-ին Բաքվում։
1914 թվականին ավարտել է Բորդոյի (Ֆրանսիա) համալսարանի բժշկական ֆակուլտետը Ալեքսանդր Մանթաշյանցի կողմից հատկացված թոշակով։ 1915-1930 թվականներին աշխատել է Բաքվում, Էնզելիում (Իրան), Աշխաբադում, Տաշքենդում։ 1930 թվականից Երևանի բժշկական ինստիտուտի օրթոպեդիայի և վնասվածքաբանության դասընթացների, 1932-1959 թվականներին` միաժամանակ, տեղագրական անատոմիայի և վիրահատական վիրաբուժության ամբիոնի վարիչն էր։
1939 թվականին Հայաստանում ստեղծել է առաջին օրթոպեդիական բաժանմունքը, բուժական ֆիզկուլտուրայի և մերսման կաբինետ, օրթոպեդական կոշիկի ու պրոթեզների արհեստանոց։ 1941-1945թթ․ էվակոհոսպիտալների գլխավոր վիրաբույժն էև, 1946-1953թթ․` օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ԳՀԻ տնօրեն, 1953-1961թթ․՝ փոխտնօրեն։ 1962 թվականից վնասվածքաբանության և վերականգնողական վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտը կրում է դոկտոր Պետրոսյանի անունը։
Նրա գիտական աշխատանքները վերաբերում են հոդի արթրոպլաստիկային, ուսահոդի սովորութային հոդախախտի, ծնկոսկրի կոտրվածքի բուժմանը։ Պրոֆեսորն առաջարկել է ոսկրահատման, վիրաբուժական սեղան, ծռաթաթության օրթոպեդական կոշիկ, վաղ մանկական հասակում ազդրի բնածին հոդախախտի բուժման հարմարանք, դժվարաշարժ հոդերի ֆուկցիայի վերականգնման հարմարանքներ և սարքավորումներ։