Հղի կնոջը մահվան հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետեորվ (ինքնասպանության հասցնելը` հղի կնոջ նկատմամբ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը)։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Քննչաան կոմիտեից։
Կատարվում է նախաքննություն։ 1 անձ կալանավորվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 21–ամյա երիտասարդը ձերբակալվել էր մայիսի 22-ին՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Խաչմերուկ» օբյեկտի դիմաց հայտնաբերված «Mercedes G» մակնիշի («յաշիկ») ավտոմեքենան վարելու և նշված ավտոմեքենայի մեջ Երևանի բնակիչ 22-ամյա Մարիաննա Բ․-ի մարմինը տեղափոխելու համար։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային և հետքաբանական։
Հաստատվել է տեղեկությունը, որ վարորդ Հայկ Ղ․-ն չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք և եղել է ոչ սթափ (խմած)։ Նա հաշվառված է եղել ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ ընտանեկան բռնություն կատարելու համար, և ամիսներ առաջ է ազատվել քրեակատարողական հիմնարկից։
Ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ նա հարվածներ է հասցրել մահացածին, և նրա ձեռքում եղել են մահացածի մազերը։ Նա պատճառաբանել է, թե երբ իր հղի կինը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, ինքը մազերից բռնել է, սակայն չի կարողացել կանխել դա։