Երևանի թաղամասերից մեկում մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը հարց էր ուղղել վարչապետ, ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին․ «Դուք գիտե՞ք՝ քանի բարձրաստիճան սպա ունենք բռնի անհետացած կամ անհայտ կորած»։
Ավելի ուշ պարզվել էր՝ հարցը հնչեցնողը մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն էր, որի բարձրաստիճան զինվորական եղբայրը 44-օրյա արցախյան պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում, և հարցն էլ տրվել էր հենց այդ համատեքստում։
Ի պատասխան՝ վարչապետն արձագանքել էր․ «197 անձ անհայտ կորած է։ Ընդհանուր բռնի անհետացածների թիվը 197 է, ինձ համար բարձրաստիճան-ցածրաստիճան կապ չունի․․․»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է թեմայի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը, ինչպես նաև վերջին շրջանում տարբեր հանրային գործիչների կողմից հնչեցված հայտարարություններն ու դրանցում ներկայացված թվային տվյալները։
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են․
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հետևանքով անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 19-ը քաղաքացիական անձինք են, իսկ 172-ը՝ զինծառայողներ»։
Ավելի վաղ՝ Ազգային ժողովի մարտին կայացած նիստում, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, ասել էր․ «Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհայտ կորած 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ»։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ այս տարվա մայիսի 15-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով 44-օրյա պատերազմի զոհերին, նշել էր․
«․․․44-օրյա պատերազմի քրեական գործերով զոհերի թիվը 3833 է, որից 78-ը քաղաքացիական անձ են, 3755-ը՝ զինվորական։ Այս թվի մեջ չկա անհայտ կորածների թիվը՝ այն մոտավորապես 160-ի է հասնում․․․» (00։43-1։15րոպե)։
Այսպիսով, տարբեր պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների հրապարակած տվյալները տարբերվում են միմյանցից՝ շրջանառվում են 160, 191, 195 և 197 թվերը։
«Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) Հայաստանի Հանրապետությունում անհայտ կորած անձանց հաշվառումը» 2024 թվականի զեկույցում նշվում է, որ հայկական կողմի տվյալներով՝ 2020 թվականի պատերազմից և հաջորդող էսկալացիաներից հետո անհայտ կորած է համարվում 195 անձ։
Ավելի վաղ՝ նախորդող տարիներին, տարբեր կառույցների ու հանրային գործիչների կողմից հնչել են նաև այլ թվային ցուցանիշներ։ Եվ եթե տարբեր տարիներին հնչեցված ցուցանիշների փոփոխությունները կարող են պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով (տվյալների ճշգրտմամբ, նույնականացումներով կամ այլ), ապա պարզ չէ, թե ինչով է պայմանավորված այս տարվա մարտ-մայիս ամիսներին հնչեցված հայտարարություններում ներկայացված թվային տարբերությունների և պաշտոնական վիճակագրության միջև առկա անհամապատասխանությունը։
Գայանե Մարկոսյան
The post 160, 191, 195, 197․ ինչո՞ւ են տարբերվում անհայտ կորածների պաշտոնական թվերը appeared first on FIP.AM.