Հինգ երկրներ արգելափակել են Կիևին ՆԱՏՕ-ի լրացուցիչ օգնության՝ Ռյուտեի ծրագիրը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդես է եկել առաջարկով, որ դաշինքի երկրներն իրենց ՀՆԱ-ի 0,25%-ը հատկացնեն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։ Սակայն հինգ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան և Կանադան, արգելափակել են այս առաջարկը։ Ռյուտեն խոստովանել է, որ իր ծրագիրը չի իրականացվի, քանի որ այն բավարար աջակցություն չի ստացել, հաղորդել է The Telegraph-ը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ռյուտեն հույս ուներ, որ առաջարկը կվավերացվի հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Այս շաբաթ նախարարները սկսել են քննարկել նախաձեռնությունը: Աղբյուրի համաձայն՝ առնվազն յոթ անդամ, որոնցից յուրաքանչյուրն արդեն ՀՆԱ-ի ավելի քան 0,25%-ը ծախսում է Ուկրաինային ռազմական օգնության համար, իրենց աջակցությունն են հայտնել: Սակայն ծրագրի վավերացման համար անհրաժեշտ է դաշինքի անդամ պետությունների միաձայն աջակցությունը:

Սա արդեն երկրորդ հարվածն է Մեծ Բրիտանիայի՝ որպես Ուկրաինայի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկի հեղինակությանը, նշում է The Telegraph-ը: Լոնդոնը քննադատության թիրախում էր հայտնվել երրորդ երկրներից ռուսական նավթից վերամշակված ավիացիոն վառելիքի և դիզելային վառելիքի գնման ժամանակավոր բացառությունների հաստատումից հետո։

Վարչապետ Քիր Սթարմերը նախկինում խոստացել էր տարեկան առնվազն 3 միլիարդ ֆունտ սթերլինգ՝ ՀՆԱ-ի մոտավորապես 0,1%-ը, հատկացնել Ուկրաինային աջակցելու համար։ Կիլի համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի (IfW) տվյալների համաձայն՝ Նիդերլանդները, Լեհաստանը, ինչպես նաև Սկանդինավյան և Բալթյան երկրները տրամադրում են ՀՆԱ-ի 0,25%-ի կամ ավելիի չափով օգնություն։

Ավելի վաղ՝ մայիսի 22-ին, Կիևի երեք հիմնական եվրոպական դաշնակիցները բանակցություններ էին անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը դադարեցնելու կասեցված ջանքերը վերսկսելու վերաբերյալ: Ուշադրության կենտրոնում էր հարցը՝ «ինչպես հասնել խաղաղության համար դիվանագիտության ակտիվացմանը և ապահովել Եվրոպայի մասնակցությունն այս գործընթացում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment