Al Jazeera–ի փոխանցմամբ՝ իրազեկ իրանական աղբյուրը հայտնել է, որ Թեհրանում կարծում են, թե Վաշինգտոնը նահանջում է երկու առանցքային հարցերում ձեռք բերված նախնական պայմանավորվածություններից։
Խոսքը վերաբերում է իրանական ակտիվների ապասառեցման մեխանիզմին և Լիբանանում հրադադարի շրջանակներին։
Հաղորդվում է, որ քննարկվող հուշագրի նախագիծը ներառում է Լիբանանում հրադադարի ընդհանուր պայմաններ, սակայն Իսրայելը պնդում է այնպիսի ձևակերպման վրա, որը հնարավորություն կտա շարունակել ռազմական գործողությունները Լիբանանի տարածքում՝ այսպես կոչված «սպառնալիքներին արձագանքելու» հիմնավորմամբ։
Իրանը դեմ է նման ձևակերպմանը և պահանջում է կայուն ու համապարփակ հրադադար։
Ըստ աղբյուրի՝ Թեհրանը միջնորդներին, այդ թվում՝ Պակիստանին, տեղեկացրել է, որ չի ստորագրի հուշագիրը, քանի դեռ յուրաքանչյուր կետ ամբողջությամբ համաձայնեցված և երաշխավորված չէ։
Պակիստանն առաջարկել է առաջ շարժվել արդեն համաձայնեցված բաժիններով՝ վիճահարույց հարցերը թողնելով հետագայի համար, սակայն Իրանը մերժել է այդ տարբերակը՝ հայտարարելով, որ տարաձայնությունները հիմնարար բնույթ ունեն և ենթակա չեն հետաձգման։
Իրանական պաշտոնյաների շրջանում, ըստ Al Jazeera-ի, ավելի է ուժեղանում այն համոզմունքը, որ ԱՄՆ-ը հետ է կանգնում միջնորդների միջոցով դիվանագիտական ուղիներով ձեռք բերված նախնական պայմանավորվածություններից։