Երևանում բացվել է օրթոպեդիայի և վնասվածքաբանության «պատրիարք» Պետրոսյանի հուշատախտակը

Բաժանորդագրվել

Հայ օրթոպեդների այս գերդաստանի ծառայությունն արդեն չորս սերնդի պատմություն ունի:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Երևանում բացվել է անվանի օրթոպեդ-վնասվածքաբան Քրիստափոր Պետրոսյանի հուշատախտակը։ Այն տեղադրվել է այն տան պատին, որտեղ ապրել է ականավոր բժիշկը։

Քրիստափոր Հայրապետի Պետրոսյանի շնորհիվ ստեղծվել է Երևանի վնասվածքաբանության և վերականգնողական վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտը, որն այսօր կրում է նրա անունը։

Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմի քարտուղար, ավագերեց Արսենի Գրիգորյանցը նշեց, որ Պետրոսյանը եղել է ականավոր վիրաբույժ և արքեպիսկոպոս Լուկա Սրբազանի (Վոյնո-Յասենեցկի) աշակերտը, որի մասունքները շուտով կբերվեն Հայաստան։

«Այս իրադարձությունը խորհրդանշական և նշանակալից կլինի ոչ միայն թեմի ուղղափառ հավատացյալների, այլև երկրի ողջ բժշկական հանրության համար, որը հարգում է մեծ բժիշկ-խոստովանահոր և նրա արժանի աշակերտների հիշատակը»,- դիմելով ներկաներին՝ ասել է հայր Արսենին։

Հուշատախտակը բացվել է բժշկի անվանակից թոռան ներկայությամբ. Քրիստափոր Պետրոսյանը շարունակել է պապի գործը և դարձել մանկական օրթոպեդ-վնասվածքաբան։

Leave a comment