Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

24.05.2026 | 20:09

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Կապան քաղաքից հանդես է եկել հարցազրույցով՝ անդրադառնալով ներքաղաքական, արտաքին անվտանգային և տնտեսական հարցերի։

Մարուքյանն ընդգծել է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո՝ հունիսի 8-ին, պետությունը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Հայ Առաքելական Եկեղեցուց և դադարեցնի վերջինիս դեմ իրականացվող բոլոր տեսակի արշավները։

Ըստ նրա՝ Սահմանադրությամբ պետությունը պարտավոր է պաշտպանել և համագործակցել եկեղեցու հետ։

Անդրադառնալով հետընտրական հնարավոր կոալիցիաներին՝ հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը չի աջակցելու ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, և ո՛չ էլ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» դաշինքին։

«Մենք կողմնակից ենք կոմպրոմիսային վարչապետի ընտրությանը և թույլ չենք տալու որևէ ուժի ձևավորել բացարձակ իշխանություն կամ իշխանության ուզուրպացիա իրականացնել»,- շեշտել է Մարուքյանը՝ նշելով, որ իրենց կուսակցությունը լինելու է բացարձակ իշխանության բացառման երաշխավորը։

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի անդրադառնալով՝ Էդմոն Մարուքյանը բացառել է Սյունիքով որևէ արտոնյալ միջանցքի տրամադրումը՝ հավելելով, որ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման որևէ զիջում կամ բանակցություն չի կարող լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment