Քաղաքականություն
24.05.2026 | 20:39
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախընտրական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանն Էջմիածնում քարոզարշավի ընթացքում անդրադարձավ թիմակցի՝ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի կալանավորմանը։
Ծառուկյանի խոսքով՝ եթե Թևանյանը որևէ կապ ունենար իրեն վերագրվող մեղադրանքների հետ, ապա «ինքն իրեն կխփեր»։ Նրա խոսքով՝ Թևանյանը հայրենասեր ու նվիրյալ մարդ է։
«Ինձ էլ ասում ա՝ Ծառուկյանն էլ ա շպիոն: Ես պատիվ եմ պահանջում: Ապացուցեք, Ծառուկյանը կանգնի հրապարակ, ասի՝ գնդակահարեք ինձ: Բայց եթե չես ապացուցում, ուրեմն թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ իր պատիժը դա պետք է լինի»,- նշեց Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Թևանյանը երեկ կալանավորվեց երկու ամսով։ Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնել՝ հիմք ընդունելով ԱԱԾ-ից ստացված հաղորդումը, ըստ որի՝ Անդրանիկ Թևանյանը, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, գաղտնի տեղեկություններ է փոխանցել արտասահմանյան կառույցի ներկայացուցչին՝ 622 հազար ԱՄՆ դոլար գումարի դիմաց: Թևանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան