Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Chicago Booth համալսարանի ամսագրում հրապարակված Plugged In and Focused հոդվածի հայերեն թարգմանությունը:
Բլեր Ռ. Ֆիշեր
Սեզար Գուեկյանը նստած է վերանորոգված գնացքի վագոնում, որը ձեւավորված է որպես սիգարի սրահ. այս վայրի մասին ընդամենը մի քանի մարդ գիտի։ Նա մեկուսանում է այս անձնական տարածքում, երբ ցանկանում է մտորել։
«Իմ փոքրիկ հանգստավայրն է», – ասում է նա վագոնի մասին, որը Քամինս կայարանի հարեւանությամբ է՝ Նեշվիլի կենտրոնական գործարար թաղամասում։
Քամինս կայարանը, որը 1900 թվականին կառուցվել էր որպես երկաթուղային պահեստ, դարձավ Gibson Garage-ի՝ Gibson Brands-ի գլխամասային խանութը 2021 թվականին՝ մեկ տարի անց նրանից հետո, երբ Գուեկյանը միացավ կիթառ արտադրող լեգենդար ընկերությանը որպես գլխավոր առեւտրային տնօրեն։ Այժմ նա ընկերության նախագահն է եւ գլխավոր գործադիր տնօրենը։
Գուեկյանի կարիերան անձնական կապերի ճամփորդություն էր, որը նրան հասցրեց այնտեղ, որտեղ նա այսօր է. նախանձի առարկա յուրաքանչյուրի համար, ով երբեւէ երազել է նույն բեմում հայտնվել Ռոքնռոլի փառքի սրահի անդամների հետ (եւ ունենալ նրանց հեռախոսահամարները)։
Մանկության տարիներին՝ 1980-ականների Արգենտինայում նա առաջին անգամ ծանոթացավ բիզնեսի հետ, երբ օգնում էր իր ձեռնարկատեր հորը։ Նա սովորեց նաեւ կիթառ նվագել, ինչը վաղ տարիքից դարձավ նրա կիրքը։ Դրանից հետո բակալավրիատը Բուենոս Այրեսում եւ Chicago Booth համալսարանում գործարար կառավարման մագիստրոսի (MBA) աստիճանը նրան հասցրին Deutsche Bank-ի, Merrill Lynch-ի եւ UBS-ի առեւտրային հարթակներ։ Այնուհետեւ նա հիմնադրեց սեփական մասնավոր ներդրումային ընկերությունը՝ Melody Capital Partners-ը, եւ, ի վերջո, սկսեց ղեկավարել կիթառի լեգենդար ապրանքանիշը, որը գրեթե փլուզվել էր 500 միլիոն դոլարի պարտքի պատճառով։
Երբ 2018 թվականին Gibson-ը դիմեց սնանկությունից պաշտպանության համար, թվում էր, որ նրա դարաշրջանն ավարտվել է։ Ընկերությունը շեղվել էր իր հիմնական կիթառային բիզնեսից դեպի սպառողական էլեկտրոնիկայի անհաջող ուղին։ Սակայն Գուեկյանը, որը լուռ գնում էր ընկերության խնդրահարույց պարտքը, հնարավորություն տեսավ համատեղելու հատուկ իրավիճակներում ներդրումներ կատարելու Chicago Booth-ում ստացված փորձը եւ երաժշտության
ու կիթառների հանդեպ սերը։
Ութ տարի անց Gibson-ը նպատակասլաց է, շահութաբեր եւ ունի հստակ առաքելություն՝ արտադրել իր պատմության մեջ ամենաբարձր որակի գործիքները, ասում է Գուեկյանը։
Առաջնորդող սկզբունքներ
Սեզար Գուեկյանը՝ երկրորդ սերնդի հայ ներգաղթյալների որդին, մեծացել է Բուենոս Այրեսում։ Նրա հիմնական սկզբունքներն ու քրտնաջան աշխատանքի էթիկան հայկական են, ասում է նա՝ ընդգծելով, որ ինքն արգենտինահայ է։ «Ես մեծացել եմ Արգենտինայում եւ մեծացել եմ հայկական մշակույթով», – ասում է նա։
Այդ հզոր ինքնությունը մասամբ կապված է իր ժողովրդի պատմության հետ եւ այն իրադարձության, որը որոշ գիտնականներ համարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ 1915-16 թվականներին մոտ 1.5 միլիոն մարդ սպանվեց կամ մահացավ անմարդկային վերաբերմունքից, երբ Օսմանյան կայսրությունը էթնիկ զտման փորձ արեց (ինչը Թուրքիան վիճարկում է)։ Գուեկյանի նախապապերը, որոնք այդ ժամանակ դեռահասներ էին, ողջ մնացին (չնայած նրանց քույրերից ու եղբայրներից քչերը փրկվեցին)։
Նախնիների փորձառությունից ոգեշնչված՝ 49 տարեկան Գուեկյանը յուրաքանչյուր նոր օրը պարգեւ է համարում։ Նրանց պատմությունները հիշելը օգնեց ձեւավորել նրա արժեքները։
«Հայ համայնքը, որտեղ մեծացել եմ, զոհաբերությունների պատմություն ունի, – պատմում է Գուեքյանը: – Մեծ ջանքեր ես ներդնում, չես բողոքում, հետո վայելում աշխատանքիդ պտուղները՝ սա է հայկական ձեւը»:
Նա շեշտում է, որ այս արժեքները օրինակ են ծառայում նաեւ աշխատակիցների հետ հարաբերություններում:
«Gibson-ում մենք չենք կենտրոնանում մարդու ծագման, արտաքին տեսքի կամ առոգանության վրա, – ասում է նա: – Կարեւորը բնավորությունն է. Արդյո՞ք լավ մարդ ես: Այս տեսակետը, որը հիմնված է պատմական հալածանքների ըմբռնման վրա, ձեւավորում է մեր վերաբերմունքը բոլորի նկատմամբ»:
Մանկության տարիներին Գուեկյանը շատ ժամանակ է անցկացրել հոր բիզնեսում, որը վաճառում էր Hallmark բացիկներ եւ հայտնի մարդկանց եւ կերպարների պատկերներով տարբեր ապրանքներ: 10 տարեկան Գուեկյանը, հետեւելով հորը, սկսեց լիցենզավորված ապրանքներ վաճառել անմիջապես հաճախորդներին՝ սկսելով հասկանալ զվարճանքի արդյունաբերությունը, մտավոր սեփականությունն ու ձեռներեցությունը:
«Հորս բիզնեսը բազում մարդկանց հնարավորություն տվեց աշխատանք ունենալ եւ պահել իրենց ընտանիքը, եւ ես այդ ամենը սովորեցի շատ փոքր տարիքից, – ասում է Գուեկյանը: – Այլ մարդկանց հաջողությունները տեսնելը չափազանց գոհացնող էր»:
Միաժամանակ Գուեկյանի հայրը բավարարվածություն էր ստանում՝ հետեւելով Սեզարի նվագին կիթառի վրա:
«Նա վինիլային ձայնապնակների հավաքածու ուներ, – պատմում է Գուեկյանը: – Նվագում էր Pink Floyd ու Led Zeppelin, Beatles ու Stones: Բայց մի ձայնապնակ ուներ, որը դեռ իր սկզբնական փաթեթավորմամբ էր: Խումբը կոչվում էր Black Sabbath, ալբոմը՝ «Black Sabbath», եւ կար մի երգ՝ «Black Sabbath»: Ես լսեցի այդ երգը ու մտածեցի՝ պետք է սովորեմ այդպես նվագել»:
Գուեկյանը չորս քույրերից ու եղբայրներից մեկն է: Ծնողները միջոցներ չունեին, որ նրա համար Gibson SG էլեկտրական կիթառը գնեն, որի վրա նվագում էր «Black Sabbath»-ի Թոնի Այոմին: Փոխարենը նա հղկում իր հմտությունները տանը եղած հին իսպանական ակուստիկ կիթառի վրա:
Նա չէր էլ պատկերացնում, որ մի օր 200 կիթառ կունենա, իսկ Այոմին կդառնա իր մտերիմ ընկերը եւ երաժշտական համագործակիցը։ 2023-ին Գուեկյանը գրեց, ձայնագրեց եւ թողարկեց «Deconstruction» սինգլը Այոմիի ու System of a Down խմբի երգիչ Սերժ Թանգյանի հետ։ Նրանք իրենց անվանեցին «Gibson Band» եւ հավաքած գումարը նվիրաբերեցին «Հայաստան» հիմնադրամին։
Բայց այդ ամենին հասնելու համար Գուեկյանին անհրաժեշտ էր էլեկտրական կիթառ։ Բարեբախտաբար, 13 տարեկանում նա հաղթեց Մայամիում կայացած թենիսի մրցաշարում՝ ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիայի նախապատրաստական շրջագայության շրջանակներում։ Չնայած մրցանակային գումարը բավարար չէր իր ուզած Gibson կիթառի համար՝ նա կարողացավ Fender Stratocaster գնել, որը մի քանի շաբաթ անց ավելի թանկ վաճառեց Արգենտինայում։ Հենց հնարավոր դարձավ, նա վերադարձավ Մայամի, որ գնի Gibson Les Paul Standard-ը։ Այն դարձավ Գուեկյանի ապագա տպավորիչ վինտաժային հավաքածուի առաջին կիթառը։
Զուգահեռ ուղիներ
Թեեւ կիթառը նշանակալի իրադարձություն էր Գուեկյանի համար, թենիսի շրջագայությունն է՛լ ավելի մեծ ազդեցություն թողեց նրա կյանքում՝ հնարավորություն ընձեռելով առաջին անգամ ծանոթանալ ԱՄՆ-ին: Հոր աշխատանքի մեծ մասը կապված էր ԱՄՆ մտավոր սեփականության ոլորտի հետ, ուստի Գուեկյանը առասպելական պատկերացում ուներ երկրի մասին եւ ծրագրել էր մի օր ապրել այնտեղ եւ բիզնեսի ոլորտում կարիերա սկսել:
«ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բիզնես աշխարհ մուտք գործելու համար ես պետք է ԱՄՆ-ում որոշակի կրթություն ունենայի, որը դռներ կբացեր», – ասում է նա։
Գուեկյանը մնաց Հարավային Ամերիկայում՝ քոլեջում սովորելու համար, Սան Անդրեսի համալսարանում բակալավրի աստիճան ստացավ, այդ ընթացքում ծանոթացավ Չիկագոյի համալսարանի դոկտորական աստիճան ունեցող դասախոսների հետ: Սա, ինչպես նաեւ շուկաների նկատմամբ նրա հետաքրքրությունը, նրան հասցրին Chicago Booth համալսարանի ասպիրանտուրա:
«Հայրս սկսեց զրոյից՝վարկ վերցնելով, եւ իսկապես լավ բիզնես ստեղծեց, – ասում է Գուեկյանը: – Ես ուզում էի սովորել այնպիսի ուսումնական հաստատությունում, որը կիրառում է այդ փիլիսոփայությունը, բայց որը նաեւ այլ հնարավորություններ կտրամադրի։ Ինձ դուր էր գալիս շուկաների վարքային տնտեսագիտությունը։ Այդ ամենը սովորեցի Booth-ում»։
Չիկագոյի համալսարանը անալիտիկ ֆինանսների եւ տնտեսագիտության մասնագիտությամբ ավարտելուց հետո Գուեկյանը տեղափոխվեց Deutsche Bank-ի Լոնդոնի գրասենյակ, իսկ չորս տարի անց՝ Նյու Յորք։ Ավելի ուշ նա Merrill Lynch-ում ղեկավարեց Հյուսիսային Ամերիկայի ոչ լիկվիդային վարկային առեւտրի բաժինը։ Հաջորդը UBS-ն էր, որտեղ 2009 թվականից սկսած նա հատուկ իրավիճակների խմբի գլոբալ ղեկավար էր եւ Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի պարտքային կապիտալի շուկաների ղեկավարը։
Նույն թվականին Գուեկյանի ընկերը ծանոթացրեց նրան «Gibson Brands»-ի այն ժամանակվա գործադիր տնօրեն Հենրի Յուշկեւիչի հետ։ «Ընկերս Յուշկեւիչին ասաց. «Նյու Յորքում մի խելագար կա, որը Gibson-ի հսկայական հավաքածու ունի։ Դուք պետք է հանդիպեք»։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Գուեկյանը մի քանի անգամ այցելեց Յուշկեւիչին ընկերության Նեշվիլի գլխավոր գրասենյակում։
Գուեկյանի հետ զրույցներում Յուշկեւիչը քննարկում էր Gibson-ի եկամտաբերությունը խթանելու հնարավոր ուղիները։ Վաղ տարիքից Gibson կիթառներին սիրահարված Գուեկյանի համար հարազատ ապրանքանիշը դժվար ժամանակներ էր ապրում։ «Այնքան էի ուզում, որ Gibson-ը հաջողի», – ասում է նա։
Յուշկեւիչի գաղափարներից մեկն այն էր, որ Gibson-ը շեղվի կիթառների առաջնային արտադրությունից եւ մեծ ներդրումներ կատարի սպառողական աուդիո բիզնեսում, ինչը Գուեկյանի սրտով չէր։ «Իմ կարծիքով, դա կշեղեր ուշադրությունը Gibson-ի բարձրաշահույթ, ապրանքանիշային մեծ կապիտալ ունեցող կիթառային բիզնեսից եւ կնսեմացներ ընկերության անհավանական պատմությունը», – ասում է նա։ Վստահ լինելով, որ այդ քայլը սխալ էր, նա հարգալից կերպով հրաժարվեց ներդրումներից։
Գուեկյանի խորհրդին հակառակ՝ Gibson-ը 2012 թվականին ձեռք բերեց Onkyo USA-ի մեծամասնական բաժնեմասը։ Մեկ տարի անց ընկերությունը 52 միլիոն դոլարով գնեց TEAC Corporation-ը՝ ձեռք բերելով ճապոնական արտադրողի 54 տոկոս բաժնեմասը։
Իսկ Գուեկյանը 35 տարեկանում հեռացավ UBS-ից եւ համահիմնադրեց Melody Capital Partners-ը Օմար Ջաֆրիի եւ Անդրես Սկամինաչիի հետ, որոնք աշխատել էին նրա ղեկավարությամբ UBS-ում։ Թեեւ Գուեկյանը Չիկագոյի համալսարանից հետո գնաց բնորոշ հետագծով՝ աշխատեց մի քանի առաջատար բանկերում, նա միշտ ցանկանում էր սեփական բիզնեսն ունենալ՝ հետեւելով հոր ձեռնարկատիրական օրինակին։ Հատուկ իրավիճակների ներդրումների ոլորտում աշխատելը շրջանցիկ ճանապարհ չէր, այլ մտածված քայլ։
UBS-ում երեք տարի աշխատելուց հետո, ասում է Գուեկյանը, «եկավ այն պահը, երբ հասկացա, որ ունեմ բավարար փորձ, բավարար հաջողություններ եւ հիասքանչ թիմ, որոնց օգնությամբ կարող եմ սկսել սեփական բիզնեսը, ինչպես հայրս էր արել»։
Գուեկյանը 2012-ից 2017 թվականներին Melody-ի կառավարիչ տնօրենն էր։ Կենտրոնանալով այն իրավիճակների վրա, որոնցում Melody-ն կարող էր ազդել արդյունքների վրա իր ներդրումային դիրքերի միջոցով՝ Գուեկյանը եւ նրա գործընկերները հավաքագրեցին մոտ 2 միլիարդ դոլար եւ հիմնադրեցին Melody Telecom Infrastructure-ը՝ մասնագիտացված ներդրումային ընկերությունը, որը ստեղծում եւ կառավարում էր անլար կապի ակտիվների պորտֆելներ, մինչեւ 2021 թվականին ընկերությունը վաճառվեց։
Այս ամենի ընթացքում երաժշտությունը մնում էր զուգահեռ ուղղություն։ Գուեկյանը հավաքում էր վինտաժային Gibson-ներ, նվագում էր խմբերում իր գործընկերների հետ, օրինակ՝ Նատ Զիլխայի (որը հետագայում դարձավ Gibson-ի գործադիր նախագահը), եւ Ուոլ Սթրիթում իր աթոռին նստած՝ հետեւում էր կիթառ արտադրողի ճանապարհորդությանը։
Հասկանալ ազդանշանները
Ուշադիր հետեւելով Gibson ընկերությանը եւ դեռեւս աշխատելով Melody-ում՝ Գուեկյանը սկսեց գնել ընկերության պարտքը՝ ֆինանսական հաշվետվությունները ստանալու համար: Նա կապ հաստատեց Զիլխայի հետ, որն այն ժամանակ KKR մասնավոր ներդրումային ընկերության գործընկեր էր, որպեսզի իմանա՝ արդյո՞ք նա կցանկանա նույնը անել: Զիլխան էլ էր կիթառահար (Red Rooster ալտերնատիվ քանթրի խմբի նախկին անդամ) եւ տեսավ հնարավորություն՝ օգնելու լեգենդար ապրանքանիշի վերափոխմանը, ուստի KKR-ը նույնպես սկսեց պարտատոմսերի տերերից գնել խնդրահարույց պարտքերը:
Ինչպես Գուեկյանը կանխատեսել էր, շուկան ընդլայնելու ռազմավարությունը անբարենպաստ էր Gibson-ի համար: 2016 թվականին Moody’s Investors Service-ը Gibson Brands-ի վարկանիշն իջեցրեց ոչ ներդրումային կարգավիճակի՝ վկայակոչելով «թույլ գործառնական արդյունքները»: Երկու տարի անց Gibson-ը դիմեց սնանկությունից պաշտպանության համար՝ հաշվեկշռում ավելի քան կես միլիարդ դոլար պարտքով:
Որպես Gibson-ի ամենամեծ վարկատուներից մեկը՝ KKR-ը սնանկության գործընթացի ժամանակ ստանձնեց ընկերության վերահսկողությունը: Մինորիտար ներդրողների խմբի, այդ թվում Գուեկյանի հետ միասին՝ KKR-ը 2018 թվականի նոյեմբերին ձեռք բերեց Gibson Brands-ը։
Յուրաքանչյուր երաժիշտ գիտի ազդանշանների կարեւորությունը, եւ դա Գուեկյանի համար ազդանշանն էր։ Սեփականության բաժնեմաս ունենալով՝ բիզնեսի եւ կիթառի վարպետն այժմ կարող էր օգնել կառավարել այս լեգենդար ընկերությունը։ Դառնալով գլխավոր առեւտրային տնօրեն՝ Գուեկյանը ժամանակ չկորցրեց եւ «սկսեց վերակազմակերպել ընկերության գործունեությունը եւ վերանայել պորտֆելի կառուցվածքը»։
Զիլխայի նախագահությամբ՝ Գուեկյանը հինգ տարուց էլ պակաս ժամանակահատվածում գլխավոր առեւտրային տնօրենից դարձավ ապրանքանիշի նախագահ, հետո ժամանակավոր գործադիր տնօրեն, նախագահ եւ գործադիր տնօրեն։
«Մենք սկսեցինք իսկապես բարձր աշխատանքային չափանիշներ սահմանել, – պատմում է Գուեկյանը։ – Մեր գործարանները համատեղում են ժամանակակից արտադրական սկզբունքները եւ արհեստավորությունը։ Մի օր ես ստեղծեցի «արհեստագործարան» բառը, եւ այդ եզրույթն արմատացավ»։
«Վատ ընկերությունները կործանվում են ճգնաժամի ժամանակ։ Լավ ընկերությունները գոյատեւում են։ Մեծ ընկերությունները կատարելագործվում են ճգնաժամի շնորհիվ», – ասում է Գուեկյանը՝ մեջբերելով Intel-ի նախկին նախագահ, գործադիր տնօրեն եւ նախագահ Էնդի Գրոուվին։
Gibson-ի հաջող վերադարձի գրավականներից մեկը դիվերսիֆիկացման ռազմավարությունից հրաժարվելն էր եւ կենտրոնանալը որակի վրա՝ ապահովելով, որ գործիքները նվագելու համար պատրաստ լինեն գնումից անմիջապես հետո, ինչը նախկինում հաճախորդների ցավոտ կետն էր։
«Մարդիկ հաճախ մտածում են. «Զոհաբերենք որակը՝ ավելի մեծ գումար վաստակելու համար», իսկ ես բոլորովին հակառակն եմ մտածում, – ասում է Գուեկյանը: – Կարծում եմ, որ ներդրումներ կատարելը ավելի բարձր որակի հանգեցնող գործընթացներում, ի վերջո (գուցե ոչ թե կարճաժամկետ, այլ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում) կկրճատի շեղումները, վերամշակումները եւ լրացուցիչ միջամտությունները»։
Gibson-ն այժմ ֆինանսապես առողջ եւ շահութաբեր է, գործում է առանց հսկա պարտքային բեռի կամ վնասաբեր ստորաբաժանումների։ Ըստ ԱՄՆ երաժշտական խանութների սեփականատերերի շրջանում 2023-ին անցկացված Ազգային երաժշտական ասոցիացիայի հարցման՝ Gibson-ը գլխավորում է ԱՄՆ կիթառի շուկան՝ տարեկան վաճառքի 34 տոկոսով, որին հաջորդում է Fender-ը՝ 30 տոկոսով։
Գուեկյանն ասում է, որ իր նպատակն է «Gibson-ը դարձնել աշխարհի ամենաարդիական, ամենատարածված եւ ամենասիրված երաժշտական ընկերությունը»։
«Այսօր ունենք այլ հաշվեկշիռ, քան 2018-ին, – ավելացնում է նա։ – Մենք ուժեղ դիրքում ենք՝ իրականացնելու մեր ծրագրերը։ Դա բավականին նշանակալի մրցակցային առավելություն է շուկայում»։
Նա հիշում է, թե ինչպես էր իրեն զգում դեռահաս տարիքում թենիսի կորտում մրցելիս։ «Պարտվում ես։ Ի՞նչ ես անելու։ Ի՞նչ ես սովորել մրցակցիդ մասին խաղի ընթացքում, որը կարող է քեզ առավելություն տալ»։
Ծնկների եւ արմունկների հետ կապված խնդիրները ստիպեցին Գուեկյանին հրաժարվել թենիսից, բայց նա մեկ ռակետը փոխարինել է մյուսով եւ այժմ պարբերաբար փադել է խաղում։
«Դա կապված է նաեւ իմ դաստիարակության եւ աշխատելու հայկական ձեւի հետ, – ասում է նա։ – Հայկական մոտեցումն այն է, որ դու միշտ ձախողվելու ես. հարցն այն է, թե ի՞նչ ես անելու ձախողման այդ փորձի հետ։ Ես նրանցից եմ, ովքեր սովորում են այդ փորձից, կրկին ոտքի են կանգնում ու ինչ-որ այլ բան անում»։
«Որպես գործադիր տնօրեն՝ ես վարձատրվում եմ փոքրաթիվ բարձրորակ որոշումներ կայացնելու եւ ճիշտ մարդկանց ճիշտ տեղերում նշանակելու համար, – ասում է նա։ – Մարդիկ տեսնում են միայն քո կայացրած որոշումները, ոչ թե քո ունեցած ընտրությունը»։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: