«Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»

«Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»

Այսօր Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում էին հավաքվել  արվեստագետ,  գեղանկարիչ, կոլեկցիոներ Մարկոս Գրիգորյանի ընկերները, գործընկերներն ու արվեստասերներ։

Տեղի ունեցավ արվեստագետի ծննդյան 100-ամյակին նվիրված պատկերագրքի շնորհանդեսը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով նրա թողած մշակութային հսկայական ժառանգության մասին։

«Ես շատ եմ գնահատում արվեստագետի այն քայլը, որ ապրելով ու ստեղծագործելով Նյու Յորքում ու Թեհրանում՝ նա իր աշխատանքներն ու հավաքածուները ի վերջո բերեց Հայաստան, և որոնք այժմ իրենց հանգրվանն են գտել թանգարանում»,- ասաց թանգարանի փոխտնօրեն Գուրգեն Գասպարյանը։

Պատկերագրքում ներկայացված են արվեստագետի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին՝ հիմնվելով Գրականության և արվեստի թանգարանում պահվող հավաքածուի վրա։ Հրատարակությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Տեքստերի հեղինակներն են արվեստագիտության թեկնածու Արմեն Եսայանցն ու Զարդար Մոկացյանը։

«Նա անդադար գործունյա մարդ էր։ Հայաստանում ամեն տեղ իր ներդրումն է ունեցել։ Վերածննդի մարդ էր՝ նկարիչ, քանդակագործ, գորգանկարիչ ու նաև գորգագործ։ Այն քիչ սփյուռքահայ արվեստագետներից, որ Հայաստանի հետ իրական կապ է ունեցել»,- նշեց Արմեն Եսայանցը։

Արվեստագետի երազանքներից մեկն էլ Հայաստանում իր անունով թանգարան ունենալն էր, որտեղ կներկայացվեին իր հավաքածուները։

«Ինձ ասում էր՝ հանկարծ հավաքածուիցս մի իր անգամ չտաք ուրիշին, կտանեն հետ չեն բերի»,- հիշում է Գուրգեն Գասպարյանը։

Արդեն մեկ տարի է հայտնի է, թե որտեղ է բացվելու արվեստագետի թանգարանը։ 2025 թվականի հունվարին ԿԳՄՍ նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը համագործակցության հուշագիր էին ստորագրել, ըստ որի՝ Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում պետք է հիմնվի Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված Մարկոս Գրիգորյանին։  

Թանգարանի ցուցասրահը կբացվի շենքի վերականգնման և վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, սակայն հստակ ժամկետներ առայժմ չեն նշվում։

«Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»,- եզրափակեց Գասպարյանը։

Հիշեցնենք՝ Մարկոս Գրիգորյանի հավաքածուն ընդգրկում է շուրջ 2500 բնօրինակ ցուցանմուշ, որոնք տարիներ շարունակ ներկայացվել են Գրականության և արվեստի թանգարանի «Միջին Արևելքի արվեստ» ցուցադրության շրջանակում։ Հավաքածուն Հայաստանին է նվիրաբերվել դեռ 1993 թվականին։

Leave a comment