ԱՄՆ-ում գտնվող օտարերկրացիները, որոնք ցանկանում են ստանալ մշտական բնակության իրավունք (Green Card), կարող են ստիպված լինել լքել երկիրը և դիմել իրենց հայրենիքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը (USCIS)՝ ներկայացնելով նոր քաղաքական մոտեցում, գրում է AP-ն։
Փոփոխությունը շրջում է երկարամյա պրակտիկան, ըստ որի՝ բազմաթիվ օտարերկրացիներ կարող էին ԱՄՆ ներսում անցնել կարգավիճակի փոփոխման ամբողջ գործընթացը։ Այդ խմբում էին ԱՄՆ քաղաքացիների հետ ամուսնացած անձինք, ուսանողական և աշխատանքային վիզա ունեցողները, ինչպես նաև փախստականներն ու ապաստան հայցողները։
USCIS-ի հայտարարության համաձայն՝ ժամանակավոր կարգավիճակ ունեցող անձինք պետք է վերադառնան իրենց հայրենիք և այնտեղ դիմեն Green Card-ի համար՝ բացառությամբ «արտակարգ հանգամանքների», որոնց գնահատումը թողնված է ծառայության աշխատակիցներին։
Գործակալությունը նշել է, որ ոչ ներգաղթային վիզայով ԱՄՆ ժամանած անձինք՝ ուսանողները, ժամանակավոր աշխատողները և զբոսաշրջիկները, պետք է լքեն երկիրը իրենց այցի ավարտին, և այդ կարգավիճակը չպետք է օգտագործվի որպես Green Card ստանալու մեկնարկային փուլ։
Փորձագետների գնահատմամբ՝ այս քայլը միտված է սահմանափակելու մշտական բնակության տրամադրումը։ Նախկին պաշտոնյա Դագ Ռենդի խոսքով՝ վարչակազմը նպատակ ունի կրճատել այն մարդկանց թիվը, ովքեր ստանում են Green Card, քանի որ այն ճանապարհ է դեպի քաղաքացիություն։ Նրա տվյալներով՝ տարեկան մոտ 600 հազար մարդ ԱՄՆ-ում դիմում է Green Card-ի համար։
Միևնույն ժամանակ, USCIS-ը չի հստակեցրել, թե երբ փոփոխությունն ուժի մեջ կմտնի, և արդյոք այն կվերաբերի արդեն ընթացքի մեջ գտնվող դիմումներին։
Գործակալությունը նաև նշել է, որ որոշ դիմորդներ, որոնք «տնտեսական օգուտ» են բերում կամ ծառայում են «ազգային շահին», կարող են բացառություն կազմել և մնալ ԱՄՆ-ում։
Փաստաբաններն ու իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացնում են, որ նոր քաղաքականությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Որոշ երկրների քաղաքացիների համար հայրենիք վերադառնալը կարող է վտանգավոր լինել կամ անհնար՝ դեսպանատների բացակայության պատճառով։ Բացի այդ, որոշ դեպքերում կարող են առաջանալ իրավիճակներ, երբ մարդիկ վերադառնում են, սակայն չեն կարողանում ստանալ վիզա և վերադառնալ ԱՄՆ։
Կազմակերպությունները նաև նշում են, որ սա կարող է հանգեցնել ընտանիքների երկարատև բաժանման։ «Եթե մարդուն ուղարկում են երկիր, որտեղ վիզաներ չեն մշակվում, դա ստեղծում է անելանելի իրավիճակ», — նշել է World Relief կազմակերպությունը։
Ներգաղթի փաստաբանները ընդգծում են, որ փոփոխությունը կարող է լայնորեն ազդել տարբեր խմբերի վրա՝ ներառյալ ԱՄՆ քաղաքացիների ամուսիններին, հումանիտար պաշտպանություն ունեցողներին, ինչպես նաև մասնագետներին և ուսանողներին։
Միևնույն ժամանակ, հյուպատոսություններում վիզայի հարցազրույցի սպասման ժամկետները որոշ երկրներում կարող են գերազանցել մեկ տարին։
Փոփոխության կիրառման շրջանակը դեռևս ամբողջությամբ պարզ չէ, սակայն արդեն իսկ արձանագրվում է անհանգստություն ներգաղթյալների շրջանում։