Երեք պատմություն ջազի եւ կյանքի մասին

«Ուլիխանյան» ակումբի պատի տակ նստած էին ամեն երեկո։ Չէին նվագում։ Լսում էին։ Ոչ մեկին գրեթե չէին ճանաչում, բայց արդեն ունեին մեկ ընդհանուր լեզու՝ ջազը։
Երբ այն հնչում է, ժամանակը սկսում է այլ կերպ շարժվել։ Դառնում է ավելի զգայուն՝ յուրաքանչյուր մանր փոփոխության հանդեպ։ Մի նոտա կարող է փոխել ողջ տրամադրությունը, մի լռություն՝ ավելի շատ բան ասել։
Պատառաքաղն ընկնում է սեղանից։ Մեկը ձեռքը բարձրացնում է նոր պատվերի համար, մյուսը ծիծաղում է կիսատ պատմության վրա։ Բաժակների ձայները խառնում են հնչյունները, բայց բեմում արդեն սկսվել է ուրիշ իրականություն։
Երաժշտությունը չի փորձում գրավել ուշադրությունը։ Նոտաները չեն սահմանափակվում սենյակով. դրանք ներս են մտնում, լցնում են միտքը եւ ստեղծում մի տարածք, որը միաժամանակ հանրային է եւ շատ անձնական։ Ջազը չի ստիպում լսել։ Այն ներթափանցում է՝ աննկատ, մինչեւ այն պահը, երբ այլեւս չլսելը դառնում է անհնար։
Առաջին պատմություն. ռիթմը
Կարեն Գրիգորյանի պատմությունը սկսվում է ռիթմից՝ դեռ այն ժամանակից, երբ ինքը չէր ընտրել երաժշտությունը, այլ պարզապես արձագանքել նրան։ Տանը հնչում էր դուդուկը, ինքն էլ «ամեն հնարավոր բանով փորձում էր ուղեկցել»։ Այդ խաղի մեջ հայրը նկատեց մի բան, որը հետո կդառնա ուղղություն. «Տեսավ, որ ինչ-որ ձեւով ռիթմ եմ բռնում, ու ինձ համար դհոլ բերեց», – հիշում է Կարեն Գրիգորյանը։
«Տանը հաճախ փորձում էի ինչ-որ իմպրովիզացիաներ անել: Դա, իհարկե, կապ չուներ երաժշտության հետ, ուղղակի, ինչպես բոլոր մանուկները, այնպես էլ ես, փորձում էի նվագել», – պատմում է Կարենը։
Ծնողները նրան նախ տարան Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, հետո՝ Չայկովսկու անվան դպրոց, բայց արդեն որպես վոկալիստ։
Շրջադարձը եղավ Ռեյ Չարլզի մասին պատմող «Ray» ֆիլմից հետո. 
«Հասկացա, որ սա այն երաժշտությունն է, որ ես ուզում եմ նվագել»։ 
Այդպես սկսվում է ինքնուրույն որոնումը՝ լսել, կրկնել, մոտենալ այդ հնչողությանը ներսից։
«Եթե ընտրեի դասական դաշնամուրի բաժին, ժամանակ չէի ունենալու ջազով զբաղվելու»։ Փոխարենը ընտրում է վոկալը՝ որպես հնարավորություն ազատելու ժամանակը այն երաժշտության համար, որն արդեն ընտրել է իրեն։
Երկրորդ պատմություն․ ձայնը
Դավիթ Պետրոսյանի սերը երաժշտության հանդեպ նկատել էր պապիկը։ «Թավաները շարում էի ու սկսում էի պատառաքաղներով նվագել», – հիշում է նա։
Շատ շուտ այդ խաղը տեղափոխվում է կազմակերպված միջավայր՝ Պիոներների պալատ, թմբուկ, նվագախումբ։ Հինգ տարի անց փորձում է փոխել ուղղությունը՝ անցնում է շեփորի, բայց հասկանում է, որ իրենը չէ։ Եվ իր կյանքում հայտնվում է սաքսոֆոնը. 
«Մի տղա եկավ, որը սովորում էր Սպենդիարյանի անվան դպրոցում, նվագեց, ու ինձ ահավոր դուր եկավ։ Ասեցի՝ ուզում եմ սաքսոֆոն»։
Սպենդիարյանի դպրոցը դառնում է այն տեղը, որտեղ այդ որոշումը սկսում է «միս ու արյուն» ստանալ։ Սկզբում՝ դասական մոտեցում, հետո՝ ջազ։ Բայց ջազի ճանապարհը հարթ չէր.
«Սկզբում չուզելով էի գնում ջազ բենդի փորձերին, երբեմն էլ որոշում էի, որ այլեւս երբեք դրանց չեմ գնա»:
Բայց համերգները, շփումները, փորձի փոխանակումները աստիճանաբար փոխում են ընկալումը։ Ջազը պարտադրանքից դառնում է ընտրություն։ 
Ընկերներով ստեղծում են փոքր կազմ, նվագում ստանդարտներ, հավաքվում փորձերի։ 
Կորոնավիրուսի համավարակը, բանակը, խմբի բաժանումը՝ ամեն ինչ կարծես կտրում է ընթացքը, բայց իրականում փոխում է միայն տեմպը։ Վերադառնալուց հետո պետք է նորից «մտնել ֆորմայի մեջ»։ 
Երրորդ պատմություն․ ընտրությունը
Հարությունի ելակետը տարբեր էր. նկարչություն։ Երբ մեծանում ես նկարիչների ընտանիքում, թվում է՝ ճանապարհը արդեն որոշված է. պիտի նկարես։ 
Իսկ հետո հայտնվում է դհոլը։ Փոքր, խաղալիքի նման մի բան, որը ոչ ոք լուրջ չէր ընկալում՝ իրենից բացի։
«Էդ պահից սկսած ընդհանրապես մոռացա նկարելը»։
Դհոլը դառնում է տան կենտրոնական խնդիրը։ Հարությունը նվագում է այնքան, որ ընտանիքը ստիպված է լինում ֆիզիկապես հեռացնել գործիքը. 
«Դնում էին պահարանի գլխին, որ չնվագեմ»։ 
Այդ սահմանափակումները, տարօրինակ կերպով, ստեղծել են առաջին բեմական մտածողությունը։
Դհոլը հասանելի էր միայն հատուկ պահերի՝ երբ հյուրեր էին գալիս։ Եվ այդ պահը ուներ իր ճշգրիտ սցենարը. սուրճը դրվում էր սեղանին, եւ սկսվում էր նրա «համերգը»։
Առաջին շրջադարձը եղավ մի համերգի ժամանակ, որտեղ տեսավ հարվածային գործիքները։ «Հասկացա՝ դհոլը մի հատ ա, սա՝ ավելի շատ ա, ավելի հետաքրքիր ա», – հիշում է Հարությունը։
Այդ «ավելի շատ»-ը բավական էր, որ հաջորդ օրը արդեն պահանջ ձեւակերպվի։ «Գնացի տուն ու ծնողներիս ասացի՝ վաղը պետք ա տանեք երաժշտական դպրոց»։
Պատասխանը կանխատեսելի էր՝ սպասել մինչեւ սեպտեմբեր։ Բայց Հարությունը «մի ձեւ գտնում է» ու ընդունվում է փետրվարին։
Սպենդիարյանի դպրոցում սկսվում է դասական հիմքը, իսկ զուգահեռ՝ ռոք, ընկերներ, փորձեր։ 
Հետո գալիս է 2018 թվականի ապրիլի 30-ը՝ Ջազի միջազգային օրը. 
«Գնացի համերգ լսելու ու մնացի մինչեւ վերջ»։
Այդ պահից հետո կարեւոր է դառնում ոչ միայն այն, ինչ նա սովորում է, այլ այն, թե որտեղ է լինում։ «Մեզ ուրիշ ոչ մի բան չէր հետաքրքրում։ Դասերս վերջացնում էի, սպասում էի՝ երեկոն գա, որ գամ «Ուլիխանյան» ակումբ», – պատմում է Հարությունը։
«Ես»-երից դեպի «մենք»
Տանեցիների հարցը՝ «Որտե՞ղ ես», սովորաբար ստանում էր նույն պատասխանը՝ «Ուլիխանյանում»։ Շատ արագ ակումբը դարձավ երաժիշտների երկրորդ տունը։ 
Ջեմ-սեշնները նրանց հիմնական հանդիպման հարթակն էին. երաժիշտները հավաքվում էին, ընտրում ստեղծագործությունը, հետո կազմը փոխվում էր, բայց երաժշտական շփումը շարունակվում էր։
Այս միջավայրում էր ձեւավորվում փորձի փոխանցումը եւ այն, ինչ նրանք անվանում են «ստացվել է»։
Կարենն ասում է, որ ընդհանուր լեզուն ձեւավորվում է միասին նվագելուց։ Խումբը նրանց համար ֆիքսված կազմ չէ, այլ շարժվող համակարգ՝ կախված նախագծից ու պահից։ Տրիոն կամ քառյակը պարզապես երաժիշտների թիվ է։
Այդ շարժման մեջ անհատականությունը պահպանվում է, բայց ձեւավորվում է ընդհանուր լեզու։ Եվ հենց այդ լեզվի ներսում «ես»-երը դառնում են «մենք»՝ որպես շարունակվող երաժշտական հարաբերություն։
Լսողի եւ երաժշտի միջեւ օդը
Երաժշտության փորձառությունը կախված է տարածքից։ Ռեստորանի աղմուկը, բաժակների ձայնը, խոսակցությունների հոսքը մի իրականություն են ստեղծում, իսկ կամերային երաժշտության տան լռությունը՝ լրիվ այլ։
Մոցարտն էլ հաճախ նվագում էր պանդոկներում, որտեղ մարդիկ ուտում էին, խմում եւ խոսում։ Կարենն ասում է, որ նման միջավայրը չի նվազեցնում երաժշտության արժեքը. երաժշտությունն ի սկզբանե միշտ եղել է մարդկանց մեջ, ոչ թե նրանցից առանձնացված։
Դավիթը խոսակցությունը տեղափոխում է ընկալման եւ վերաբերմունքի դաշտ։ 
Ասում է, որ ջազը հաճախ համարում են «թեթեւ երաժշտություն» ու պնդում, որ նման վերաբերմունքը ոչ թե փորձի, այլ որակյալ երաժշտություն չլսելու հետեւանք է։
Հարությունն էլ խոստովանում է, որ երաժիշտը երբեմն այնքան է տարվում սեփական նվագով, որ սկսում է «կտրվել» արտաքին աշխարհից: Սակայն հենց այդ ներքին կենտրոնացման եւ փոխադարձ լսման լարվածությունից է ծնվում կենդանի երաժշտության իրական հրաշքը։
«Պետք է «կախարդանք» լինի։ Երբ այդ հրաշքը տեղի է ունենում, երաժշտությունը փոխադարձ էներգիայի փոխանցման աղբյուր է դառնում», – բացատրում է Դավիթը։
Երաժշտական լեզվի քերականությունը
Իմպրովիզացիան նրանց համար տեխնիկա չէ, լեզու է։
«Ինչպես խոսելիս ունենք ստորակետ, կետ, նույնն էլ այստեղ է», – ասում է Կարենը։
Նախ հնչում է մեղեդին՝ «պատմությունը»։ Հետո սկսվում է զրույցը դրա շուրջ։ Յուրաքանչյուրն իր ձեւով է պատմում նույն բանը։
«Ազատություն կա, բայց հարմոնիայի սահմաններում», – ճշտում է Դավիթը։ Այսինքն՝ կարող ես ասել՝ ինչ ուզում ես, բայց մնաս թեմայի մեջ։ Ինչպես իրական խոսակցության ժամանակ։
Հարությունը հավելում է՝ հենց այդ պատճառով է, որ իմպրովիզացիան չի կարող լինել քաոսային. այն միշտ ունի ներքին կարգ։
Նրա խոսքով՝ երաժշտությունը դառնում է հասկանալի ոչ թե տեխնիկայի, այլ փոխանցված զգացողության շնորհիվ. եթե պատմությունը անկեղծ է, լսողն այն ճշգրիտ ընկալում է։
Կրկնվող պատմություններ՝ նոր հնչողությամբ
Երաժշտությունը, որ նրանք այսօր նվագում են, հիմնականում XX դարի ամերիկյան երգացանկից է. բրոդվեյան, թատրոնային եւ ֆիլմային ստեղծագործություններ, որոնք ժամանակին եղել են հանրային մշակույթի կենտրոնում։
«Դրանք հիմնականում սիրո պատմություններ են՝ շատ մաքուր ու գեղեցիկ երգեր, որոնք նվագում ենք ինստրումենտալ տարբերակով։ Բայց գիտենք՝ ինչ պատմություն ենք պատմում», – ասում է Հարությունը։
Անգամ առանց բառերի երաժշտությունը չի կորցնում իր պատմությունը. փոխվում է միայն արտահայտման ձեւը։ Երբեմն թվում է, թե յուրաքանչյուր կատարմամբ երաժիշտները նորից են «նվիրում» այդ պատմությունը կոնկրետ մարդկանց՝ սրահում նստած զույգին, մթնոլորտին, իրավիճակին։
Հիմա նրանք բեմում են։ Բայց եթե ուշադիր լինես, նույնն է, ինչ տարիներ առաջ՝ դեռ լսում են իրար։ «Ուլիխանյանի» պատը վաղուց հետեւում է մնացել, բայց այնտեղ ծնված լեզուն չի անհետացել. պարզապես բարձրացել է բեմ։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Leave a comment