Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը

Քաղաքականություն

22.05.2026 | 23:01

ՌԴ «Ռոսպոտրեբնադզորը» արգելել է Հայաստանից արտահանվող «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանի տարածքում։ Գերատեսչությունը հայտարարել է, որ ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակի գերազանցում, ինչը, ըստ կառույցի, կարող է սպառողներին մոլորեցնել արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ և վնաս հասցնել առողջությանը։ Արգելքն ուժի մեջ է մտել անմիջապես։

Սա առաջին դեպքը չէ, երբ «Ռոսպոտրեբնադզորը» սահմանափակումներ է կիրառում «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ։ Ապրիլի վերջին ևս արգելվել էր ներմուծումն ու վաճառքը՝ նույն պատճառաբանությամբ։ Արգելքը վերաբերում էր 2026 թվականի փետրվարի 17-ին և 2026 թվականի մարտի 5-ին արտադրված ապրանքներին։

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» նաև սահմանափակել էր Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ դա հիմնավորելով Ռուսաստանի ֆիտոսանիտարական անվտանգության պահպանման անհրաժեշտությամբ։

 

Leave a comment