«Օրենքով գողը» խոչընդոտել է ընտրական իրավունքի իրականացումը․ կատարվում է նախաքննություն


Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք էին բերել փաստական տվյալներ, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 53-ամյա տղամարդը մայիսի 1-ին Գորիսում գտնվող իր տանը մի խումբ անձանցից, այդ թվում՝ 49-ամյա համաքաղաքացուց, պահանջել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, հանցագործություն կատարելու կամ այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելու, սպառնալիքի, հարկադրանքի և անօրինական այլ գործողությունների միջոցով, հարկադրել հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին չընտրել կուսակցություններից մեկին՝ այդ կերպ խոչընդոտելով այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։


Փաստի վերաբերյալ Քրեական ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող համապատասխան տվյալներ, այդ թվում՝ ձայնագրություններ։


Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։  Գորիսի բնակիչ 53-ամյա և 49-ամյա տղամարդկանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։


49-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։


Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 53-ամյա Արտեմ Դոռունցի  նկատմամբ հայտարարվել է հետախուզում։  Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ 


Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։


Նախաքննությունը շարունակվում է։

Դիտումների քանակ108

Leave a comment