Փաշինյանը ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում․ այլևս չենք կարող լռել․ Վոլոդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում։ Այս մասին գրել է ՌԴ Պետդումայի նախագահը «Մաքսի» իր ալիքում։
«Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում՝ ցինիկաբար շահագործելով մեր երկրի առաջարկած հնարավորությունները։ Քաղաքականապես Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն կայացվել են՝ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի ոչ բարեկամական երկրների հետ, որոնք փորձում են կործանել ՌԴ-ն», – գրել է Վոլոդինը՝ սոցիալական ցանցերում։
Նա հավելել է, որ Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական է։
«Միևնույն ժամանակ, պետք է որոշում կայացնել։ Մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին», – նշել է Վոլոդինը։
Վոլոդինն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալ, չմնալու հարցին․
«ԵԱՏՄ-ում մնալու Փաշինյանի ցանկությունը եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով օգտագործելը շարունակելու փորձ է, ինչն արդեն Հայաստանին տվել է ՀՆԱ-ի 2,5 անգամ ավելացում: Մենք Հայաստանին գազ ենք մատակարարում գրեթե 4 անգամ ավելի էժան, ի վնաս մեզ (գինը Հայաստանի համար՝ 177,5 դոլար/ հազար խորանարդ մետր, Եվրոպայում՝ 633 դոլար/ հազար խորանարդ մետր)», – գրել է Վոլոդինը: