Հարցում․ ովքե՞ր են ԱԺ ընտրությունների մրցապայքարի առաջատարները

ՀՀ–ում անցկացված հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեին, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը


ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ Gallup International Association-ի կողմից Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեին, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը:


2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ԱԺ ընտրություններին գրանցված է 19 քաղաքական ուժ։


Ինչպես հայտնել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հարցվածների 28,8%-ը հայտարարել է, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 14,9%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։ Առաջատարների եռյակը եզրափակում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 12,1%-ով։


«Հարցվածների 8,7%-ը նշել է, որ կքվեարկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին, 5,8%-ը՝ «Միասնության թևեր» կուսակցության, 3,4%-ը՝ «Ժողովրդավարություն, օրենք և կարգապահություն» կուսակցության, 2,9%-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին»,- ասել է նա։


Նավասարդյանի խոսքով՝ հարցվածների 2,8%-ը հայտարարել է Հայաստանի շնորհապետական կուսակցությանը սատարելու մասին, «Նոր ուժ» կուսակցությանը՝ 2,7%, «Բոլորին դեմ եմ» կուսակցությանը՝ 1,9%, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1,3%, «Հանուն Հանրապետության» կուսակցությանը՝ 0,5%, «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությանը՝ 0,4%, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ 0,3%, 0,2-ական %՝ Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ կուսակցությանը և «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությանը, 0,1-ական %՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությանը, «Ալյանս» կուսակցությանը և Ռեֆորմիստների կուսակցությանը։


Նա հայտնել է, որ հարցվածների 8,6%-ը հրաժարվել է պատասխանել հարցին, 3,4%-ը դժվարացել է պատասխանել, 0,9%-ը հայտարարել է, որ կփչացներ քվեաթերթիկը։


Մայիսի 19-21-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1102 մարդ։


Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին անցկացված նախորդ նմանատիպ հարցման արդյունքներով՝ հարցվածների 26,7%-ը հայտարարել էր, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 14,1%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, 8,2%-ը՝ «Հայաստան» դաշինքի, 7,5%-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 4,2%-ը՝ «Միասնության թևեր» կուսակցության օգտին։

Leave a comment