Քաղաքականություն
22.05.2026 | 14:25
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է Ռուսաստանի կողմից ընձեռվող հնարավորությունները՝ միաժամանակ կայացնելով քաղաքական որոշումներ, որոնք ոչ բարեկամական են Ռուսաստանի Դաշնության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, նշում է Ինտերֆաքսը։
«Պետդումայի պատգամավորների կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ վարում է ոչ բարեկամական քաղաքականություն՝ ցինիկաբար օգտագործելով մեր երկրի կողմից ընձեռվող հնարավորությունները»,- գրել է Վոլոդինը ռուսական Max մեսենջերում։
Նա նշել է, որ դա անազնիվ է և, ինչպես ցույց է տալիս Ուկրաինայի օրինակը, «ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։
«Փաշինյանն արդեն կայացրել է բոլոր քաղաքական որոշումները։ Ուզում եմ ընդգծել, որ նա կողմ է Ռուսաստանին ոչ բարեկամաբար տրամադրված, մեզ հետ պատերազմող, Ռուսաստանի Դաշնությունը ոչնչացնելու փորձ կատարող և մեր զարգացմանը խոչընդոտող երկրների հետ հարաբերություններ կառուցելուն»,- հավելել է Պետդումայի նախագահը։
Ըստ նրա՝ Ռուսաստանը, իբր, «միշտ օգնության է հասել հայ ժողովրդին»։
«Հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը մնում է բարեկամական, ինչպես կա հիմա։ Միևնույն ժամանակ, մենք պետք է որոշում կայացնենք։ Մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին, որտեղ խորհրդարանն օրենք է ընդունել, որով սկսվում է Եվրամիությանը միանալու գործընթաց։ Նախկինում էլ ճանաչել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը՝ դառնալով դրա լիիրավ անդամ»,- հայտարարել է Վոլոդինը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի