ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի և մշտական հանձնաժողովների աշխատանքներին:


Պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը և Գեղամ Նազարյանը:


Մայիսի 21-ին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ կայացել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների զեկույցները, այդ թվում՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման նախապատրաստական աշխատանքները:


ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով խորհրդի անդամներին, նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մի շարք միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելությունների ներքո, ներառյալ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի:


«Սա արտացոլում է մեր երկրի հավատարմությունն ընտրական գործընթացի թափանցիկության և ժողովրդավարական չափանիշների սկզբունքներին»,- նշել է Հակոբ Արշակյանը:


ԱԺ նախագահի տեղակալի խոսքով վերջերս Հայաստանում էր ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ առաքելությունը:


«Առաքելության պարբերական հրավիրումն արտացոլում է համագործակցության կայուն բնույթը և հայկական կողմի շահագրգռվածությունն ընտրությունների անկախ միջազգային գնահատման հարցում: Հունիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ ՄԽՎ հիմնական պատվիրակության սպասվող այցը Երևան կդառնա միջազգային մոնիթորինգի կարևոր մասը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:


ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացրել է, որ մայիսին Հայաստանում էր ԵԽԽՎ նախընտրական առաքելությունը, որի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել պետական մարմինների, խորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների հետ: Քննարկվել են ընտրական օրենսդրությանը, նախընտրական իրավիճակին և ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր:


«Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել միջազգային մոնիթորինգի կարևորությունը՝ որպես ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման գործոններից մեկը»,- նշել է Հակոբ Արշակյանը:


Խորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վեհաժողովի ընթացիկ գործունեությանը, առաջիկա ծրագրերին և համագործակցության հիմնական ուղղություններին:

Դիտումների քանակ3

Leave a comment