ԱՄՆ նախագահ Դոնալդ Թիամփի վարչակազմը 2 մլրդ դոլարի սուբսիդիաներ է հատկացնում քվանտային հաշվարկների ոլորտում գործող ինը ընկերությունների։ Այդ մասին, հղում անելով երկրի Առևտրի նախարարությանը, գրում է The Wall Street Journal-ը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ պետությունը կստանա յուրաքանչյուր ընկերությունում փոքր բաժնեմաս, սակայն դրանց չափը չի բացահայտվել։
International Business Machines Corporation (IBM)-ը ընդհանուր փաթեթից կստանա 1 մլրդ դոլար։ Ընկերությունը առաջատարներից է քվանտային մեխանիկայի սկզբունքներով աշխատող համակարգիչների ստեղծման ոլորտում, որոնք հնարավորություն են տալիս խնդիրները լուծել զգալիորեն ավելի արագ, քան դասական սուպերհամակարգիչները։
Ինչպես նշում է WSJ-ն, արհեստական բանականության զարգացման բեկումնային առաջընթացների հետ համատեղ քվանտային հաշվարկները կարող են կտրուկ արագացնել գիտական հետազոտությունները, ինչի արդյունքում այս ոլորտը համարվում է ԱՄՆ վարչակազմի առաջնահերթություններից մեկը։
IBM-ը և մյուս ընկերություններն աշխատում են քվանտային հաշվարկների համար նախատեսված մասնագիտացված չիպերի ստեղծման վրա։ Չիպերի արտադրությամբ զբաղվող GlobalFoundries ընկերությունը ԱՄՆ իշխանություններից կստանա 375 մլն դոլարի ֆինանսավորում, Diraq ստարտափը՝ 38 մլն դոլար, իսկ մյուս ընկերությունները՝ յուրաքանչյուրը 100 մլն դոլար։
Մյուս շահառուների թվում են D-Wave Quantum, Rigetti Computing, Infleqtion, Atom Computing, PsiQuantum և Quantinuum ընկերությունները։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։