«Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը․ մեր պարտքն է մասնակցել ընտրություններին և կործանումից փրկել մեր հայրենիքն ու պետականությունը»․ Եզրաս Սրբազանի ուղերձը

 Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղերձը․

«Սիրելի հայորդիներ,

ինչպես գիտեք հունիսի 7-ին Մայր հայրենիքում տեղի են ունենալու վճռորոշ ընտրություններ, որով կանխորոշվելու է մեր հայրինիքի ու հայոց պետականության լինել- չլինելու հարցը։

Կանգնած ենք գոյաբանական սահմանագծին․․․

Ուստի յուրաքանչյուրս, որպես հոգացավ ու ազգասեր քրիստոնյա հայ, որպես պատասխանատու, օրինահարգ քաղաքացի, մեր սրբազան պարտքն է և իրավունքը անվերապահորեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որով կփրկենք մեր ինքնության հիմնասյուները, մեր ազգային սրբությունները, մեր հայրենիքն ու պետականությունը կործանումից։

Անտարբերությամբ չմեղանչենք, որպեսզի հետագայում ստիպված չլինենք գլխիկոր խոստովանելու մեր զավակներին մեր մեղքը, որ 2026 թվականի ընտրություններին մեր իսկ անտարբերության պատճառով մեր հայրենիքում չզրկվեցինք հայկական անձնագրից, ինչպես արցախահայերը՝ Արցախում։

Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը, որովհետև հենց այդ ձայների հանրագումարով պիտի պաշտպանենք մեր հավատն ու Մայր Եկեղեցին կեղծ բարենորոգիչներից։

Ուրեմն՝ ի գործ, դեպի ընտրատեղամաս, կատարենք ընտրություն հանուն Հայաստանի հարատևության, հանուն ուժեղ հայրենիքի, հանուն հայի ինքնության պահպանման, արդարության ու համերաշխության հաստատման և ազգային արժանապատվության վերականգնման։

Ես անվերապահորեն վստահում եմ մեր ազգի իմաստուն ու արդարամիտ զավակաց, հոգևոր-ազգային արժեքների, հայրենիքի ու Մայր եկեղեցու նկատմամբ նրանց հավատարմությանը և խղճմտոք ընտրությանը։

Աստծո օրհնությունն ու օգնականությունը ամենքիս առաջիկա վճռորոշ ընտրություններին․

Ամեն»։

Leave a comment