Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեսանյութում երևացող դիմակավորված անձինք 2024 թվականից Հայաստանում չեն։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ իրավապահները մոտավոր պարզել են աղմկահարույց տեսանյութում երևացող անձանց շրջանակը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Ես կարծում եմ, որ անձանց շրջանակը մենք պարզել ենք, մոտավոր։ Ըստ էության, այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա օպերատիվ տեղեկություն է, ապացույց չունենք։ Մենք անուն-ազգանուններ ունենք, և նրանց հայտնաբերման ուղղությամբ ջանքեր են գործադրվել, հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրանք ՀՀ-ում չեն։ Նախկինում մեծ հավանականությամբ այլ գործերով մեր հետաքրքրություն տիրույթում են եղել։ Մասնավորապես հնարավոր է` ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն։ Բայց սա ընդամենն օպերատիվ տեղեկություն է»,- նշեց Փաշինյանը։