Պուտինը Չինաստանի նախագահին պատմել է իրանական հարստացված ուրանն ի պահ վերցնելու ռուսական գաղափարի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կիսվել է Իրանի հարստացված ուրանն ի պահ վերցնելու ՌԴ-ի գաղափարով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

Նա, սակայն, չի նշել, թե ինչպես է դրան արձագանքել Չինաստանի նախագահիը, քանի որ զրույցը փակ է եղել:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Վաշինգտոնը դեռևս չի ընդունում Մոսկվայի առաջարկները՝ իրանական հարստացված ուրանը Ռուսաստանում պահելու համար դուրս բերելու վերաբերյալ:

«Այս թեման պետք է ընդունեն Իրանում և Ամերիկայում, եթե դա պահանջված առաջարկ է։ Վաշինգտոնը դա դեռ չի ընդունում»,-պարզաբանել է Պեսկովը։

Նա նաև հայտնել է, որ ՉԺՀ առաջնորդը Պուտինի հետ կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջերս Չինաստան կատարած այցի մասին տեղեկատվությամբ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է իրանական հարստացված ուրանի հարցի լուծման գործում ստանձնել այնպիսի դերակատարություն, որ դա առավելագույնս ընդունելի լինի Իրանի համար:

Leave a comment