ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դшվшճшնության և լրտեսության հոդվածներով

 

 

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

«ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին Վանաձորում ընթացող հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցելու ակնկալիքով։

«Այս լրտեսական ցանցը մենք ի վերջո վերջնական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից»,-ասել էր Փաշինյանը։

Նշենք՝ Անդրանիկ Թևանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարն է։

Leave a comment