Քաղաքականություն
21.05.2026 | 17:53
ԱՄՆ Ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ USS Nimitz միջուկային ավիակրի գլխավորությամբ, մտել է Կարիբյան ծով, սոցիալական ցանցերում հայտնել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը: Զորախմբի կազմում են Carrier Air Wing- 17-ը, USS Gridley ականակիրը և USNS Patuxent մատակարարման լցանավը, նշում է DW-ի ռուսական ծառայությունը։
Ուժերի տեղակայումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեղադրանք առաջադրեց Կուբայի 94-ամյա նախկին նախագահ, երկրի ոչ պաշտոնական առաջնորդ Ռաուլ Կաստրոյին՝ չորս մարդու, այդ թվում՝ երեք ամերիկացիների սպանության դավադրության մեջ։
Մեղադրանքները վերաբերում են 1996 թվականի իրադարձություններին. «Փրկության եղբայրներ» կազմակերպության չորս անդամներ մեկնել են լաստանավերի վրա գտնվող կուբացի փախստականներին օգնելու մարդասիրական առաքելությամբ, սակայն կուբայական կործանիչները միջազգային ջրերում խոցել են «Փրկության եղբայրներ» կազմակերպության երկու քաղաքացիական ինքնաթիռ։
Չնայած ավիակրի տեղակայմանը՝ Դոնալդ Թրամփը բացառում է Կուբայի դեմ ռազմական էսկալացիան․ «Ես չեմ կարծում, որ դա անհրաժեշտ է»։
Այնուամենայնիվ, Politico-ի աղբյուրները հաղորդում են, որ Սպիտակ տունը քննարկում է ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական տարբերակները, բայց Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Reuters-ի փոխանցմամբ՝ Կաստրոյի դեմ մեղադրանքները տեղավորվում են Թրամփի վարչակազմի ավելի լայն քաղաքականության մեջ, որը նախկինում կղզում ռեժիմի փոփոխության կոչ էր անում:
Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ-Կուբա հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ 2026 թվականի սկզբից Վաշինգտոնը նավթային շրջափակում է սահմանել Կուբայի նկատմամբ, ինչն էներգետիկ ճգնաժամի և կղզում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների պատճառ է դարձել։ Թրամփը բազմիցս քննադատել է Կուբայի կառավարությանը և առաջարկել երկրի «բարեկամական զավթում»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի