«Ռոսատոմը» հայ ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Global HackAtom 2026» մրցույթին

Բաժանորդագրվել

Տարբեր երկրների ուսանողական թիմերը կառաջարկեն իրենց լուծումները ատոմային էներգետիկայի խնդիրների վերաբերյալ: Ազգային փուլերի հաղթողները կհանդիպեն եզրափակչում, որը կկայանա սեպտեմբերին Եկատերինբուրգում:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Ռոսատոմ» կորպորացիան հայ ուսանողներին հրավիրում է մասնակցելու Global HackAtom 2026 մրցույթին:

Ինչպես հայտնում է կորպորացիայի մամուլի ծառայությունը, ուսանողական թիմերը հաքաթոնի ձևաչափով 24 ժամվա ընթացքում պետք է լուծումներ առաջարկեն ատոմային էներգետիկայի ոլորտի արդիական խնդիրների համար:

Յուրաքանչյուր թիմի կազմում կլինեն հինգ ուսանող և մինչև 35 տարեկան մեկ համակարգող՝ ասպիրանտ, դասախոս կամ գիտաշխատող: Թույլատրվում է միջառարկայական թիմերի մասնակցությունը, որոնցում կլինեն ինժեներական, ֆիզիկական, տնտեսագիտական և կառավարման մասնագիտությունների ներկայացուցիչներ:

2026 թվականին HackAtom-ի ազգային փուլերը կանցկացվեն 15 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Հունգարիայում, Վիետնամում, Եգիպտոսում, Ղազախստանում և Ղրղզստանում։

Երևանում տեղական փուլը կկայանա մայիսի 25-26-ը Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում: Ազգային փուլերի հաղթողները կհանդիպեն սեպտեմբերին Եկատերինբուրգում կայանալիք եզրափակչում: Մասնակիցների համար կկազմակերպվեն նաև այցելություններ քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններ, «Ռոսատոմի» համար մասնագետներ պատրաստող տեխնիկական բուհեր, ինչպես նաև առաջատար գիտնականների և գիտության հանրայնացնողների դասախոսություններ:

Բացի ուսանողական մրցույթից, «Ռոսատոմը» կրկին իրականացնում է «Գիտելիքի սառցահատ» («Ледокол знаний») դպրոցական նախագիծը: Տարբեր երկրների հաղթողները ատոմային սառցահատով կմեկնեն Հյուսիսային բևեռ, որտեղ կմասնակցեն կրթական ծրագրի և կլսեն մասնագետների ու գիտության հանրայնացնողների դասախոսությունները:

Հայաստանն արդեն մասնակցել է HackAtom-ին․ 2024 թվականին ուսանողներին առաջարկվել էր մոդելավորել երկրի էներգահամակարգի աշխատանքային ռեժիմները՝ օգտագործելով «Ռոսատոմի» կառուցվածքում ընդգրկված «Ջեթ Լաբ» ընկերության ծրագրային ապահովումը:

Leave a comment