ԱՄՆ-ում սպանության մեղադրանք է առաջադրվել Կուբայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախկին առաջին քարտուղար Ռաուլ Կաստրոյին: Նրան մեղադրում են ԱՄՆ քաղաքացիների սպանության համար, որը տեղի է ունեցել 30 տարի առաջ: Այդ մասին Մայամիում հայտարարել է երկրի գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը:
Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ գործը վերաբերում է 1996 թվականին տեղի ունեցած միջադեպին։ Կուբայի կործանիչներն այդ ժամանակ խոցել էին Մայամիում գործող Brothers to the Rescue կուբացի էմիգրանտների կազմակերպության երկու ինքնաթիռ, որոնք օգնում էինր ծովով Կուբայից փախչող քաղաքացիներին։ Ինքնաթիռներում գտնվող բոլոր չորս մարդիկ, որոնք ԱՄՆ քաղաքացիներ էին, զոհվել են։
Ռաուլ Կաստրոն այդ ժամանակ Կուբայի պաշտպանության նախարարն էր։ Կուբայի կառավարությունը պաշտպանել է իր զինվորականների գործողությունները, դրանք անվանել «օրինական պատասխան երկրի օդային տարածք ներխուժմանը»: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը հետագայում եզրակացրել է, որ ինքնաթիռները խոցվել են միջազգային ջրերի տարածքում:
Ռաուլ Կաստրոյին ներկայացված մեղադրանքից անմիջապես հետո ԱՄՆ Ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ USS Nimitz միջուկային ավիակրի գլխավորությամբ, մտել է Կարիբյան ծով՝ հինգշաբթի՝ մայիսի 21-ին, X սոցիալական մեդիահարթակում հայտարարել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը:
Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, բացառել է Կուբայի նկատմամբ ռազմական էսկալացիան։ Միևնույն ժամանակ Politico պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Սպիտակ տունը դիտարկում է ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական գործողությունների տարբերակները, սակայն Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել:
Reuters-ի փոխանցմամբ՝ Կաստրոյի դեմ մեղադրանքները Թրամփի վարչակազմի ավելի լայն քաղաքականության մաս են կազմում: ԱՄՆ նախագահն ավելի վաղ կղզու ռեժիմի փոփոխության կոչ է արել: