Ներկայացնում ենք «МК-Турция»առցանց պարբերականի գլխավոր խմբագիր Յաշար Նիյազբաեւի «Крестовые нападения» вместо походов и «Море островов» вместо Эгейского հոդվածի հայերեն թարգմանությունը:
Յաշար Նիյազբաեւ
Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինը հայտարարել է պատմության եւ աշխարհագրության դպրոցական դասագրքերի տերմինաբանության լայնածավալ վերանայման մասին «Թուրքիա՝ կրթության դար» մոդելի իրականացման շրջանակներում։
Ամենանշանակալի փոփոխություններն են՝ «Խաչակրաց արշավանքների» փոխարինումը «Խաչակրաց հարձակումներ»-ով, «Կենտրոնական Ասիան»՝ «Թուրքիստան»-ով, «Էգեյան ծով»-ի՝ «Կղզիների ծով»-ով եւ «Աշխարհագրական մեծ հայտնագործություններ»-ի՝ «Գաղութատիրության սկիզբ» եզրույթով։
Այս ամենը ձեւակերպումների սոսկ խմբագրում չէ, այլ պետական նպատակաուղղված եւ հետեւողական քաղաքականություն՝ ուղղված նոր պատմական հիշողության եւ քաղաքական աշխարհայացքի ձեւավորմանը։
Այն միաժամանակ լուծում է ազգային ինքնության հետ կապված ներքին խնդիրները եւ սպասարկում է Անկարայի արտաքին քաղաքական նպատակները հետխորհրդային տարածքում, Հունաստանի հետ վեճերում եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում։
Գաղափարախոսական ենթատեքստը. «ազնիվ արշավանքից» դեպի «հարձակում»
Ամենախոսուն փոփոխությունը «Խաչակրաց արշավանքներ» (Haçlı Seferleri) եզրույթի փոխարինումն է «Խաչակրաց հարձակումներ» (Haçlı Saldırıları) եզրույթով։ Նախարար Թեքինը սա բացատրել է շատ ուղիղ՝ եզրույթներն արտացոլում են պատմության նկատմամբ արեւմտյան մոտեցումը եւ չեն համապատասխանում իրադարձությունների թուրքական ընկալմանը։ «Թուրքական ավանդույթում «sefer» (արշավանք) բառը կրում է դրական, գրեթե ազնվական երանգ՝ որպես վեհ նպատակ հետապնդող ռազմական արշավախումբ», – ասել է նա: Սակայն խաչակիրները, թուրքական իշխանությունների կարծիքով, ագրեսորներ էին, որոնք ներխուժել էին մուսուլմանական հողեր։ Հետեւաբար,Cografi «արշավանք» բառի կիրառումն անտեղի է։
Նույն տրամաբանությամբ «Աշխարհագրական հայտնագործություններ» (Coğrafi Keşifler) եզրույթը փոխարինվում է «Գաղութատիրության սկիզբ» (Sömürgeciliğin Başlangıcı) եզրույթով։
Եթե լսենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթները զանգվածային միջոցառումների ժամանակ, կարելի է նկատել, որ նման հռետորաբանությունն Անկարայի կողմից կառուցվում է հետեւողականորեն։ Դրանում Արեւմուտքը պատմականորեն հանդես է գալիս որպես ագրեսոր, իսկ իսլամական աշխարհը՝ որպես զոհ կամ պաշտպանվող կողմ։
Այս մոտեցումը լիովին տեղավորվում է վերջին տարիների թուրքական պատմական քաղաքականության ընդհանուր գծի մեջ՝ գաղութատիրության քննադատությունից մինչեւ «օսմանյան ժառանգության» շեշտադրումը՝ որպես արեւմտակենտրոն պատմության այլընտրանք։
«Թուրքիստան». վերադարձ պատմական ճշմարտությա՞նը, թե՞ պանթյուրքիստական հայտ
«Օրթա Ասիա» (Orta Asya) եզրույթի փոխարինումը «Թուրքիստան»-ով (Türkistan) էլ ավելի քաղաքականացված է։ Թուրք պաշտոնյաները պնդում են, որ «Կենտրոնական Ասիա» տերմինը արհեստական է եւ առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ խորհրդային եւ արեւմտյան աշխարհաքաղաքականության ազդեցության ներքո։ Ըստ նրանց՝ առավել ճիշտ է օգտագործել «Թուրքիստան» անվանումը՝ որպես թյուրքական ժողովուրդներով բնակեցված տարածաշրջանի պատմական անվանում։ Սա գլխավորապես ընդգծում է Թուրքիայի պատմական եւ մշակութային ընդհանրությունը Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի հետ։
Դասագրքերում այս վերանվանումը ամրապնդում է խորհրդանշական կապը ժամանակակից Թուրքիայի եւ թյուրքերի «պատմական հայրենիքի» միջեւ, բայց առաջին հերթին դա «փափուկ ուժի» հերթական տարրն է Կենտրոնական Ասիայի պետությունների հետ հարաբերություններում։ Միաժամանակ սա ազդանշան է արտաքին գործընկերներին. Անկարան չի պատրաստվում «տարածաշրջանային տերության» շրջանակներում մնալ եւ ավելի լայն մշակութային-պատմական դերակատարման հավակնություն ունի։
«Կղզիների ծով». ամենասուր կետը
Ամենամեծ արձագանքն առաջացրել է «Էգեյան ծով» (Ege Denizi) անվանման փոխարինումը «Կղզիների ծով»-ով (Adalar Denizi)։ Նախարար Թեքինը ներկայացրել է պատմական փաստարկ. թուրքերն այս ջրային տարածքը կոչում են «Կղզիների ծով» դեռեւս 1081 թվականից՝ սելջուկների ժամանակներից։ «Էգեյան» անվանումը (ծագած Էգեոս արքայի մասին առասպելից) հունական ստուգաբանություն ունի եւ, ըստ Անկարայի վարկածի, լայն կիրառություն է ստացել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ «Հունաստանի ցանկությամբ»։
Այս դեպքում Անկարան նույնիսկ չի էլ փորձում ձեւացնել, թե սա չեզոք աշխարհագրական ուղղում է, եւ բացահայտ նշում է, որ թուրքական նարատիվում փորձելու է ջնջել տարածաշրջանում հունական հետքերը։ Նման քայլը, իհարկե, չի փոխի միջազգային քարտեզները, բայց հնարավորություն կտա ապագա սերունդների մեջ ամրապնդել պատմա-աշխարհագրական իրականության սեփական տարբերակը։ Տեւական հունա-թուրքական վեճի պայմաններում նման տերմինաբանական պատերազմը միանգամայն կիրառական նշանակություն ունի։
Օգտագործելով «Կղզիների ծով» անվանումը՝ Թուրքիան հանում է «հունական պիտակը» եւ այն ներկայացնում որպես չեզոք աշխարհագրական տարածք, որտեղ Թուրքիան ունի հավասար կամ նույնիսկ առաջնահերթ պատմական իրավունքներ։
Իսկ ամենակարեւորն այն է, որ այս քայլը հնարավոր չէ առանձնացնել «Կապույտ հայրենիք» Թուրքիայի աշխարհաքաղաքական հայեցակարգից ՝ ուղղված Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում գերիշխանության հավակնություններին։ Խորհրդարան է ներկայացվել «Թուրքիայի ծովային իրավազորության գոտիների մասին» օրենքի նախագիծը, որն ինստիտուցիոնալ կերպով ամրագրում է այս դոկտրինը թուրքական իրավական դաշտում։
Կրթական քաղաքականությունը որպես «փափուկ ուժի» գործիք
Բոլոր նկարագրված փոփոխությունները «Թուրքիա՝ կրթության դար» միասնական հայեցակարգի մասն են, որն ակտիվորեն առաջ է մղում Էրդողանի կառավարությունը։ Կրթությունն այստեղ դիտարկվում է ոչ թե պարզապես որպես գիտելիքի փոխանցում, այլ որպես «ազգային գիտակցության» ձեւավորման առանցքային գործիք։
Թուրքիան հետեւում է այն տրամաբանությանը, որը տարբեր ժամանակներում կիրառել են բազմաթիվ երկրներ. ով վերահսկում է դպրոցական դասագրքերը, նա էլ վերահսկում է երկարաժամկետ ինքնությունը։
Սա համակարգված քաղաքական գործողություն է, որը մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջին հերթին՝ ներքին համախմբում եւ հասարակության մեջ պահպանողական-ազգայնական կոնսենսուսի ամրապնդում եւ այնպիսի սերնդի դաստիարակում, որը մտածում է ազգային ինքնիշխանության եւ պատմական ինքնաբավության կատեգորիաներով։
Սա նաեւ արտաքին քաղաքական ազդանշան է. Անկարան ցուցադրում է, որ պատրաստ է վերանայել անցյալում պարտադրված միջազգային պատմույթներն ու չափանիշները թե՛ Արեւմուտքի հետ հարաբերություններում (գաղութատիրության պատմության հարցերում), թե՛ տարածաշրջանային հակառակորդների հետ (Հունաստան)։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: