Իշխանասարը վտանգի տակ է․ Արթուր Սարգսյանի կոչը սյունեցիներին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել պաշտպանի խափանման միջոցը փոխելու համար։ Արթուր Սարգսյանը վստահություն է հայտնել, որ արդարադատություն չի գործելու, նրան առնվազն մինչև հունիսի 8-ը տնային կալանքի տակ կպահեն։

«Սահմանափակված է իմ ընտրվելու իրավունքը։ Մյուս թեկնածուները կարող են գնալ, քարոզարշավի մասնակցել, շփվել հայրենակիցների հետ, մինչդեռ ես ապօրինի կալանքի տակ եմ»,- ասել է Սարգսյանը։

Նա դիմել է սյունեցիներին, հիշեցրել. երբ քաղաքապետ էր, հայտարարել էր, որ Իշխանասարը վտանգի տակ է և եթե Փաշինյանը վերընտրվի, թշնամին կհասնի այնտեղ։

«Հիմա թուրքերը նստել են ոչ միայն Իշխանասարի գլխին, այլ նաև մեր գլխին։ Ասում եմ՝ եթե հունիսի 7-ին դուք ընտրեք Փաշինյանին, Սյունիք չենք ունենալու։ Հետո չասեք՝ չենք իմացել»,- ասել է Արթուր Սարգսյանը։

Սարգսյանի և փաստաբանի ելույթից հետո դատարանը մերժեց պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբանի միջնորդությունը. նրա խափանման միջոց տնային կալանքը չփոխվեց, երկարաձգվեց երկու ամսով։

«Ես քարոզչություն չեմ կարող անել հիմա, երկու ամսից հետո կարող եմ դուրս գալ, կգնանք, միասին քարոզչություն կանենք»,- կատակեց Սարգսյանը։

Դատարանն ասաց, որ Սարգսյանը կարող է տանը հանդիպումներ ունենալ բոլորի հետ բացառությամբ դատական գործի հետ առնչվողների։ Ասաց, որ կարող է այդ պայմաններում քարոզչություն անել։

«Դե որ այդպես է, դիմում եմ Սյունիքի բնակիչներին, բոլորդ եկեք մեր տուն՝ Ուլնեցի 8։ Դուք ո՞նց եք պատկերացնում այդպիսի քարոզչությունը»,- արձագանքեց Սարգսյանը։

Հավելենք, որ Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս։ Դատավարության ժամանակ նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբանների միջնորդությունները նրա խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment