Նավթը կշարունակի՞ թանկանալ․ Bloomberg-ի հարցման արդյունքները

Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրադրության հետևանքներն ու Հորմուզի նեղուցի փակումը երկարաժամկետ ազդեցություն կունենան ածխաջրածինների համաշխարհային շուկայի վրա: Bloomberg Intelligence-ի կողմից 126 ակտիվների կառավարիչների և էներգետիկ սեկտորի մասնագետների շրջանում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ մեծամասնությունը կանխատեսում է Brent տեսակի նավթի միջին գնի պահպանում մեկ բարելի դիմաց 81-100 դոլարի միջակայքում՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում:

Աշխարհաքաղաքական հավելավճար և մատակարարման ռիսկեր Հարցվածների գրեթե երկու երրորդի գնահատմամբ՝ տարածաշրջանում ռիսկերի և ուժերի դասավորության փոփոխության պատճառով ձևավորված աշխարհաքաղաքական հավելավճարը (premium) դեռ մի քանի տարի կկազմի 5-15 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Մասնագետների միայն փոքր մասն է ակնկալում 20 դոլարը գերազանցող հավելավճար:

Bloomberg Intelligence-ի վերլուծաբանների մեկնաբանությամբ՝ պատասխանների այսպիսի բաշխվածությունը վկայում է այն մասին, որ աշխարհաքաղաքական ռիսկերը դիտարկվում են որպես կայուն գործոն, բայց ոչ որպես գների երկարաժամկետ դինամիկան արմատապես փոխող հանգամանք։ Շուկայի մասնակիցները հակված են այն կանխավարկածին, որ պահանջարկն ու առաջարկը աստիճանաբար կհավասարակշռվեն՝ ամրագրելով գների հարաբերականորեն կայուն միջակայք:

Մատակարարումների մասով հարցվածների մեծամասնությունը կանխատեսում է համաշխարհային օրական միջին հոսքերի կրճատում 3-7 միլիոն բարելով: Օրական 10 միլիոն բարելից ավելի կրճատում ակնկալում են միայն քչերը։

Արտահանման ուղիների դիվերսիֆիկացում. Շրջանցելով Հորմուզի նեղուցը Ստեղծված իրավիճակում Մերձավոր Արևելքի հիմնական արդյունահանողներն արդեն իսկ վերակողմնորոշում են լոգիստիկ ենթակառուցվածքները.

Սաուդյան Արաբիան հաջողությամբ դիվերսիֆիկացրել է իր արտահանման ուղիները. նախկինում Հորմուզի նեղուցով անցնող նավթի զգալի ծավալներն այժմ խողովակաշարային համակարգով տեղափոխվում են դեպի Կարմիր ծովի նավահանգիստներ:

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) կիսով չափ ավարտել է երկրորդ մայրուղային խողովակաշարի կառուցումը:

Ինչպես հայտարարել է էմիրաթական ADNOC պետական ընկերության ղեկավար Սուլթան Ահմեդ ալ-Ջաբերը, այս նախագիծը թույլ կտա նավթը շրջանցիկ ճանապարհով հասցնել Օմանի ծոցի Ֆուջեյրա նավահանգիստ, որն անմիջական ելք ունի դեպի օվկիանոս: Արդյունքում ԱՄԷ-ն հնարավորություն կունենա ավելի քան կրկնապատկել դեպի Ֆուջեյրա արտահանման թողունակությունը. ներկայումս գործող առաջին խողովակաշարն ապահովում է օրական 1,8 միլիոն բարելի տեղափոխում:

Leave a comment