ՀՀ կառավարության մայիսի 21-ի նիստում ընդունված որոշմամբ լրացում և փոփոխություններ են կատարվել Խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագրում և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգում։ Գործադիրի պարզաբանմամբ՝ փոփոխությունների նպատակը բյուջետային երաշխիքների տրամադրման գործընթացի արագացումն ու առկա ընթացակարգային խնդիրների լուծումն է։
Ժամկետների կրճատում և վճարման նոր պահանջներ Ըստ նոր կարգավորումների՝ էականորեն նվազեցվում է բյուջետային երաշխիքների տրամադրման վարչարարական ժամկետը: Ֆինանսների նախարարության կողմից համապատասխան միջնորդությունն ստանալուց հետո հարցի քննարկման և վերջնական որոշման կայացման համար սահմանված նախկին 14 աշխատանքային օրը փոխարինվել է 10 աշխատանքային օրով։
Բացի այդ, սահմանվել է հստակ ժամկետ վարկային պարտավորությունների չկատարման դեպքում վճարման պահանջ ներկայացնելու համար.
Բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում՝ մինչև բյուջետային երաշխիքի գործողության ժամկետի լրանալը։
Գրավադրված գույքի իրացման և մարումների կարգը Որոշմամբ հստակեցվել է նաև ֆինանսական կազմակերպությունների (ՖԿ) կողմից գրավադրված գույքի բռնագանձման և իրացման իրավական մեխանիզմը։ Այն դեպքում, երբ շահառու տնտեսավարողի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով ֆինանսական կազմակերպությունն իրացնում է գրավադրված գույքը, հասույթի բաշխումը կատարվելու է հետևյալ սկզբունքով.
Գույքի իրացումից առաջացած գումարի՝ ՖԿ-ի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալը գերազանցող մասն ուղղվելու է վարկի՝ բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը։
Ակնկալվում է, որ փոփոխությունները կլուծեն ծրագրի շրջանակներում պետություն-ֆինանսական կազմակերպություններ-տնտեսավարողներ շղթայում առաջացող ռիսկերի արդյունավետ կառավարման հարցը: