Վրաստանի վարչապետի կարծիքով, ԵՄ-ն փորձում է «կռվեցնել» Թբիլիսին եւ Երեւանը

Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել է «տեղական գործակալներին եւ նրանց օտարերկրյա տերերին»` Թբիլիսիին Երեւանի հետ «կռվեցնելու» փորձերի համար՝ Հայաստանի նկատմամբ Եվրամիության ուժեղացող ուշադրության ֆոնին:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն, «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ համեմատությունները «անհարմար թեմա» է համարում, քանի որ երկրները «շատ բարեկամական հարաբերություններ» եւ ռազմավարական գործընկերություն ունեն։
Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին «Վրաստանի նկատմամբ հատուկ վերաբերմունքի համար» եւ հիշեցրել, որ վերջինս խոսել էր առանց Վրաստանի Հայաստանի եվրաինտեգրումը քննարկելու անհնարինության մասին։
Վրաստանի վարչապետը նաեւ ասել է, որ «եվրոպացի բյուրոկրատները, կարծես, այնքան էլ ուժեղ չեն աշխարհագրությունից»։ «Նովոստի-Գրուզիա»-ն նշում է, որ հավանաբար նա ի նկատի է ունեցել մայիսի 4-ին Երեւանում Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանն անվանել էր «Եվրոպան Կենտրոնական Ասիայի եւ Կասպից ծովի հետ կապող ամենակարճ ուղին»։

Leave a comment