Սևանա լճից 2026 թ. ոռոգման նպատակով բաց կթողնվի ավելի քան 140 մլն խմ ծավալով ջուր

Բաժանորդագրվել

Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Սևանա լճից ոռոգման նպատակով 2026 թ–ին բաց կթողնվի մինչև 143.6 մլն խմ ծավալով ջուր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշենք, որ օրենքով տարեկան ոռոգման նպատակով լճից ջուր է վերցվում ոչ ավելի, քան 170 մլն խմ։ Ավելի մեծ ծավալի անհրաժեշտության դեպքում կառավարությունը թույլտվություն է խնդրում խորհրդարանից: 2025 թ. կառավարությունը դիմել էր լրացուցիչ 30 մլն խմ–ի թույլտվություն ստանալու համար։

ՀՀ կառավարությունից նշում են, որ որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:

Որոշման մեջ նաև նշվում է, որ Սևան–Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի տակ գտնվող ոռոգելի հողերից 2026 թվականի ոռոգման շրջանում ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն` ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 30.13 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը կկազմի շուրջ 487.7 մլն խմ:

Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից, Ազատի ջրամբարից, Ապարանի ջրամբարից` հաշվի առնելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` ՀՀ գետերի 2026թ. գարնանային վարարումների կանխատեսումը:

Արդյունքում, հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմել է շուրջ 140.0 մլն խմ, որը կվերցնեն Սևանից։

Leave a comment