Ադրբեջանը որևէ քայլ չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն ապահովելու համար. HRW

2025 թվականին Ադրբեջանում շարունակել է հետընթաց արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից փետրվարի 4-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ իշխանությունները կոշտ քայլեր են ձեռնարկել անկախ լրագրության, քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ՝ փորձելով լռեցնել քննադատական ​​ձայները, գրում ադրբեջանական լրատվամիջոցները։

Զեկույցում նշվում է, որ երկրում գործող անկախ լրատվամիջոցներից բացի՝ թիրախ են դարձել նաև արտասահմանում բնակվող լրագրողներն ու բլոգերները։ Նրանցից մի քանիսին մեղադրանք է առաջադրվել ծանր քրեական հանցագործությունների համար, իսկ մյուսներին հեռակա կարգով դատապարտել են երկարատև ազատազրկման։ Կազմակերպությունը շեշտում է, որ այս գործընթացները կտրուկ սահմանափակել են քաղաքացիական հասարակության գործունեության հնարավորությունները։

Միջազգային կազմակերպությունների գործունեությունը կասեցվել է

Human Rights Watch-ը հաղորդում է, որ անցյալ տարի Ադրբեջանի իշխանությունները կասեցրել են ՄԱԿ-ին առընթեր մի քանի կազմակերպությունների գործունեությունը երկրում։ Միաժամանակ, չեղյալ է հայտարարվել Ադրբեջանում միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը։ Չնայած պաշտոնական Բաքուն այս քայլերն արդարացրել է երկրի միջազգային դերակատարմամբ՝ կազմակերպությունը նշում է, որ այս որոշումները նվազեցնում են թափանցիկության և հաշվետվողականության հնարավորությունները։

Լրատվական կազմակերպություններն ու լրագրողները թիրախավորվում են

Ըստ զեկույցի՝ անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները դարձել են համակարգված, հատկապես՝ 2023 թվականի վերջից ի վեր: MeydanTV-ի, AbzasMedia-ի և ToplumTV-ի լրագրողները տարբեր ժամանակներում ձերբակալվել են և մեղադրվել տնտեսական հանցագործությունների մեջ: Մի քանի լրագրողներ ստացել են երկարատև ազատազրկման պատիժներ, իսկ մյուսները կալանավորվել են, մինչ քննությունները շարունակվում են:

Բացի այդ, որոշ միջազգային լրատվամիջոցների գործունեությունը կասեցվել է, իսկ մեկ տեղական լրատվական գործակալություն դադարեցրել է գործունեությունը՝ վկայակոչելով ֆինանսական դժվարությունները:

Քրեական գործեր քաղաքական և հասարակական ակտիվիստների դեմ

Փաստաթղթում նշվում է, որ քաղաքական ակտիվիստները, մարդու իրավունքների պաշտպանները և գիտնականները նույնպես չեն խուսափել քրեական հետապնդումից: Ընդդիմության ներկայացուցիչները և ականավոր հասարակական գործիչները դատապարտվել են երկարատև ազատազրկման՝ տարբեր մեղադրանքներով: Կազմակերպությունը նշում է, որ այդ դեպքերի մեծ մասում խախտվել են արդար դատաքննության սկզբունքները:

Հավաքների ազատությունը սահմանափակված է

Զեկույցում ընդգծվում է, որ խաղաղ բողոքի ցույցերի թույլտվություն չտրամադրելը և բողոքի ցույցերի մասնակիցներին կալանավորելը դարձել են սովորական երևույթ: Որոշ դեպքերում ոստիկանությունը բռնի ուժով խլել է բողոքի ցույցերի մասնակիցների անձնական իրերը և էլեկտրոնային սարքերը:

Խոշտանգումների մեղադրանքներ

Human Rights Watch-ը հաղորդում է, որ կալանքի տակ խոշտանգումների և վատ վերաբերմունքի բազմաթիվ մեղադրանքներ մնում են չհետաքննված: Որոշ ակտիվիստներ և լրագրողներ հայտնել են, որ ենթարկվել են ոստիկանական բռնության: Կազմակերպությունը նշում է, որ այս մեղադրանքները արդյունավետ և անկախ չեն հետաքննվել:

Օրենքները խստացվել են

Զեկույցում նաև ընդգծվում են անցյալ տարի ընդունված օրենսդրական փոփոխությունները: Այս փոփոխությունները լրացուցիչ սահմանափակումներ են սահմանել լրատվամիջոցների գործունեության և ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման վրա: Human Rights Watch-ը ընդգծում է, որ այս քայլերը ուժեղացրել են կառավարության քննադատների նկատմամբ վերահսկողությունը:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև օգոստոսին Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ստորագրված ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնի հռչակագրին, որը սահմանեց խաղաղության լայն քաղաքական շրջանակ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակվող հակամարտության դադարեցմանը, դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը։

Նշվում է, որ hամաձայնագիրը Միացյալ Նահանգներին բացառիկ իրավունք է տալիս զարգացնելու 42 կիլոմետրանոց առևտրային երթուղի Հայաստանի տարածքով, որը կկապի նաև Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ։ Համաձայնագիրը նաև հանգեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԱՄՆ-Ռուսաստան-Ֆրանսիա գլխավորած հակամարտության կարգավորման ձևաչափի լուծարմանը։

Զեկույցում նշվում է, որ իր հայտարարած պարտավորություններին հակառակ՝ Ադրբեջանը որևէ իմաստալից քայլ չի ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն ապահովելու կամ նրանց սեփականության իրավունքը վերականգնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment